Նոբելյան կոմիտեն 3-րդ փորձից է կարողացել կապվել մրցանակակիրներից մեկի հետ
Ստոկհոլմում Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեի քարտուղար Թոմաս Պերլմանը պատմել է, որ միայն երրորդ փորձից է կարողացել զանգահարել բժշկության ոլորտում այս տարվա մրցանակակիրներից մեկին՝ Ուիլյամ Քելինին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես կարողացա զանգահարել բոլոր երեք մրցանակակիրներին: Վերջինը, ում ես զանգահարեցի, Ուիլյամ Քելինն էր: Դա այնքան էլ հեշտ չստացվեց. ես չունեի նրա հեռախոսահամարը: Սկզբից ես զանգահարեցի նրա քրոջը, որին արթնացրի, նա ինձ տվեց երկու հեռախոսահամար, որից մեկը սխալ էր: Երբ ես վերջապես զանգահարեցի նրան, նա անսահման երջանիկ էր, կորցրել էր խոսելու ունակությունը»,- պատմել է Պերլմանը Ստոկհոլմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել են բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝ իրենց հայտնագործության համար, թե ինչպես են բջիջներն արձագանքում թթվածնի առկայությանը: Քելինը բժշկագիտության դոկտոր է, ով զբաղվում է ուսումնասիրություններով Հարվարդի համալսարանում:
