Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով՝ ասացի՝ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը. Էդմոն Մարուքյան

Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ վարչապետը եղել է դահլիճում, եթե նա իր տեղից վեր կենար, գոռար, իր թիմին ասեր մի արեք, այդ ամեն ինչը կդադարեր, բայց նա չարեց դա: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«Նա չարեց այդ ամեն ինչը: Ես հիմա անալիզ եմ անում ու մտածում՝ ինչո՞ւ: ինչի՞ն էր նա սպասում, որ 88 հոգով հարձակվել են 17 հոգու վրա ու ծեծեցին: Նա մինչև վերջ եղել է դահլիճում, բայց մարդիկ բրիֆինգ էին անում, ասում՝ վարչապետն էնտեղ չէր, դա սուտ է, տեսանյութերը կան»,- ըդնգծեց նա:
Մարուքյանը անդրադարձավ վարչապետի ելույթի սուրճի հատվածին: Նա պատմեց, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո ինքը հրավիրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հնչեցրել իրեն հուզող հարցերը, ապա հաջորդ օրը հրավիրել է վարչապետին և նորից նույն թեմայի շուրջ խոսել:

«Վարչապետն այօր իր ելույթում ասաց՝ այո, երեկ ԼՀԿ խմաբկցության ղեկավարն ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ նրա հրավերը, ես ուղիղ ասել եմ, որ բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնությունները կոծկելու պլանի մի անբաժան մասն եք: Լրագրողներն ինձ հարցնում են, բա ներքաղաքական հարց չէի՞ք քննարկել»,- ասաց Էդմոն Մրուքյանը:
Պատգամավորը ընդգծեց՝ հանդիպումից հետո բրիֆինգի ժամանակ իր ասածներն ուժի մեջ են: «Ինձ հարց է տրվել՝ ներքաղաքական քննարկումներ ունեցե՞լ եք, ես ասել եմ՝ ոչ, ես փակ ներքաղաքական քննարկումներ չեմ ունենում: Փաշինյանը, որ ասում է՝ ես, Մարուքյանի աչքերի մեջ նայելով, ասել եմ, որ այո՛, պարո՛ն Մարուքյան, բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունությունը այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և ի վերջո ֆիզիկական բռնությունները կոծկելու պլանի մի անբաժան մասն եք: Վարչապետը որևէ բան չի ասել ինձ, ինչ-որ ֆիզիկական, հոգեբանական բռնությունների մասին որևէ խոսակցություն չի եղել»,- վստահեցրեց նա և հստակեցրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել:
«Երբ Լավրովի հայտարարության հարցի քննարկումն ավարտեց, ինձ ասաց՝ Էդմոն ինչի՞ է լարված, ես ասացի՝ տարրական հարգանքի հարց կա, մեզ անդադար ձեր թիմակիցները մեղադրում են, որ ծախված ենք: Ինքն էլ իմ աչքերի մեջ նայելով ասաց՝ այո, մենք կասկածում ենք, որ դուք, կարող է, նախորդ իշխանությունների հետ ինչ-որ կապեր ունեք: Ես էլ ասացի՝ էսքան տարի հետո, եթե այդ հարցը շարունակվում է շահարկվել, ես, իր աչքերի մեջ ուղիղ նայելով ասացի, որ բացառվում է՝ մեր ժողովրդի վստահությունը որևէ մեկի ոտի տակ մատաղ անենք: Եվ ես ասացի՝ մեզ պատկերացնում ենք հաջորդ իշխանություն: Եթե ձեզ թվում է, որ մենք ինչ-որ մեկին պետք է ծառայենք, որ գա իշխանության, մոռացեք, բացառված է: Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով՝ ասել եմ՝ մենք լինելու ենք հաջորդ իշխանությունը»,- պատմեց նա:
Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որևէ արձագանք չի տվել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )