Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար․ «Կոմերսանտ»․ մաս 1-ին

ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը Բրյուսելի մոտ նյարդային արձագանքի արժանացավ։ «Կոմերսանտի» հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, հայտարարել է, որ պայմանավորվածությունները Բելգրադի հետ կարեւոր է համարվում ԵՄ հետ համագործակցության տեսանկյունից, ու բացատրել, թե ինչու իր երկրի համար արդիական չէ այլեւս Արեւելք-Արեւմուտք բաժանումը։ Նա նաեւ ներկայացրել է, թե ինչպես է Երեւանը պատրաստվում կարգավորել Մոսկվայի հետ վիճելի հարցերը, ինչպես օրինակ՝ գազի գինը։

-Եկեք սկսենք անհանգիստ ռեգիոնից՝ Սիրիայից։ Ձեր խոսքերի համաձայն, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածությունները Սիրիայի մասով, որոնք ձեռք բերվեցին Սոչիում, առնչվում են նաեւ սիրիահայերին։ Չեք կարող բացել փակագծերը ու ասել, թե ովքեր են ապահովելու նրանց անվտանգությունը։

– Սիրիայի հյուսիսում կա Քամըշլի քաղաքը։ Այնտեղ ապրում է մոտ երեք հազար հայ։ Այս առնչությամբ ես խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ։ Մենք ունեինք անհանգստություն, եւ ես խնդրեցի Ռուսաստանի նախագահից անել ամեն հնարավորը, որպեսզի հաշվի առնվեն նաեւ Քամըշլիի հայության շահերը։ Այդ փուլում լարվածությունը այնտեղ չափազանց մեծ էր, կապված թուրքական ներխուժման հետ։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Վ․ Վ․ Պուտինին այն բանի համար, որ արդյունքում հայերի անվտանգության հետ կապված հարցերը, ովքեր ապրում էին այդ շրջանում, հաշվի առնվեցին։ Մենք հույս ունենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կկենսագործվեն ու հայերի անվտանգության հետ կապված շահերը կշարունակեն հաշվի առնվել։

-Նրանք անվտանգությունն ապահովում են ռուս զինվորականները, թե ռուսները թուրքական զինուժի հետ համատեղ։ Ինչպես է դա կառուցված։

-Ռուսաստանը Սիրիայում ունի նշանակալի ներկայություն։ Ռուսաստանի նշանակությունը անվտանգության ապահովման հարցում բավական մեծ է։ Ռուսաստանն ունի բազմաթիվ լծակներ, որպեսզի ապահովի հայերի անվտանգությունը այնտեղ։ Հայաստանն էլ ունի առաքելություն Սիրիայում։ Սակայն մենք մարդասիրական առաքելություն ունենք, որը որեւէ կերպ կապ չունի անվտանգության հարցերի հետ։ Շատ ուրախ ենք, որ իրականացնում ենք նման մարդասիրական առաքելություն։

-Ռուսաստանից բացի դուք միակ երկիրն եք ՀԱՊԿ-ում, որ ձեր մարդկանց ուղարկեցիք Սիրիա։

– Այո, եւ դա շատ կարեւոր առաքելություն է։ Ես այն համարում եմ պատմական։ Այն իրագործվում է շատ հաջող կերպով ու շարունակվում։

-Եվ այդուհանդերձ, ուզում եմ հասկանալ։ Վլադիմիր Պուտինը խոստացավ ձեզ, որ Ռուսաստանը կերաշխավորի սիրիահայերի անվտանգությունը։ Ինչպես է դա ձեւակերպվել։

-Ռուսաստանի նախագահը խոստացավ ու պահեց խոստումը։ Նա ասաց, որ բանակցություններում հաշվի կառնվեն Քամըշլիի հայերի շահերը։ Ես տեղեկացրի նրան, որ այնտեղ մեծ հայկական համայնք կա։ Մենք տեսանք, որ այդ խոսակցությունն ունեցավ դրական հետեւանքներ։