Նախկինում ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել
«Նախ, իսկապես, թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել գործընկերներիս։ Ուզում եմ վստահեցնել, որ այս թիմային աշխատանքում ես իսկապես հաջողությունից բացի հնարավոր այլ զարգացումների սցենար չեմ տեսնում։ Յուրաքանչյուրի ներդրումը լինելու է միակ գրավականը մեր հաջողության համար։ Կոռուպցիայի դեմ պայքարում, կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության անկախության ամբողջ պատմության ընթացքում, գոնե իմ գնահատմամբ, առաջին անգամն է, որ դրսևորվել է քաղաքական կամքի այս մասշտաբը։ Այսինքն՝ հանձնաժողովի ձևավորումը քաղաքական կոնսենսուսի և քաղաքական պատասխանատվության արդյունք է։ Եթե դիտարկենք կոռուպցիայի կանխարգելման նախորդ փորձերը, պիտի հստակ այդ ուրվագիծը դուրս բերվի, որ ձախողման հիմնական պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է եղել։ Հիմա այստեղ արդեն պատասխանատվությունը ստանձնել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաև ընդդիմությունը։ Պահպանվել է նաև իշխանության երեք ճյուղերի հավասարակշռությունը։ հանձաժողովում մենք ունենք կառավարությունից, Բարձրագույն դատական խորհրդից և Ազգային ժողովից անդամներ»,- նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ բաց քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կողմից նախագահ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, որը հանձնաժողովի անդամ էր առաջադրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։
