Նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը․ <<Ի պաշտպանություն Արցախի>> հասարակական նախաձեռնություն

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն հայտարարություն է տարածել․

Հայտարարությունը  ստորև՝

  Արցախյան շարժման 34-րդ տարեդարձն է․ 1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։

2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, վտանգված է Արցախի Հանրապետության անկախությունը: Բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան գործունեությունը՝ հայկականության ոչնչացում, մշակութային վանդալիզմի իրագործում։

Անպատասխան թողնել թուրք-ադրբեջանական դաշնության ակնհայտ թշնամական գործողությունները նշանակում է՝ հայությանը՝ առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցներին, նոր, կործանարար փորձությունների դատապարտել։

Օրհասական այս պահին հայ ազգը պայքարելու և հարատևելու միայն մեկ ճանապարհ ունի՝ միասնական բռունցք դառնալ համազգային խնդիրները լուծելու համար։ Պատմությունն է հաստատում՝ երբ հայերս  միակամ ենք, անպարտելի ենք։

Առաջնահերթ խնդիր ենք համարում Արցախյան հիմնահարցի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել բանակցությունների նորացված օրակարգ՝  հակամարտության կարգավորումը քաղաքական հարթությունից  իրավական հարթություն տեղափոխելու համար։

Մենք պարտավոր ենք  ներկայացնել և լայն հնչեղություն տալ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների տեսակետից Արցախի Հանրապետության հռչակման և պետականության կայացման հետագա իրավական ակտերի լեգիտիմությունը հիմնավորող  իրավական թղթապանակ։

Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ ենք համարում ճանաչել ԼՂՀ-ի (Արցախի Հանրապետության) կազմավորման և Ադրբեջանական Հանրապետությունից նրա դե-յուրե  անկախության օրինականությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )