Մոսկվայում 2 տարեկան տղան կուլ է տվել կոնստրուկտորի 15 մագնիսական գնդիկները

Մոսկվայում երկու տարեկան տղան հայտնվել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ կուլ է տվել է կոնստրուկտորի 15 մագնիսական գնդիկները, տեղեկացրել է «Вечерняя Москва»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի մայրաքաղաքի առողջապահության վարչության մամուլի ծառայությանը։

Երեխան հասցվել է Սպերանսկու անվան թիվ 9 քաղաքային մանկական կլինիկական հիվանդանոց, նա բողոքում էր որովայնի ցավերից։ Փոքրիկ պացիենտի մոր խոսքով՝ երեխան նաեւ հրաժարվել է ուտելուց։

Մագնիսական գնդիկները, հայտնվելով աղեստամոքսային տրակտում, ձեւավորել են օղակ, ճնշել օրգանների մի մասը եւ վնասել անոթները։ Երեխան ծանր վիճակում էր, եւ վիրաբույժները անհապաղ վիրահատել են նրան։

«Մենք հեռացրինք աղիների կենսունակությունը կորցրած հատվածը եւ նույն պահին իրար միացրինք առողջ հատվածները։ Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների։ Բայց երեխան, որի աղիների մի մասը հեռացվել է, հատուկ դիետայի կարիք ունի»,- ասել է բժշկական գիտությունների թեկնածու, մանկական վիրաբույժ Ռուսլան Մոլոտովը։

Ներկա պահին երեխայի կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում, նրան արդեն դուրս են գրել հիվանդանոցից։

Share This