ՄԻՔԱՅԵԼ ԱՋԱՊԱՀՅԱՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏՎԵՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԳՆՈԶԸ»
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ օրեր առաջ Լաչինի միջանցքի թեմայով ընդդիմության կազմակերպած լսումների ժամանակ հնչեցրած ելույթը շարունակում է մնալ քննարկումների թեմա։ Թեեւ որոշակի վերապահումներ կարելի է անել, սակայն ելույթը, ընդհանուր առմամբ, կարելի է բնորոշել որպես հայաստանյան կամ, առհասարակ, հայ հանրության ներկայիս վիճակի ամենից ճշգրիտ դիագնոզը, հատկապես «ծայրահեղ մինիմալիզմից մինչեւ ծայրահեղ մաքսիմալիզմ» թափառումների մասով։
Իրականում, այո, մեր հանրությունը, ներկայիս իր ողջ պառակտվածությամբ հանդերձ, երկու հիմնական ծայրահեղական թեզերի արանքում է խարխափում՝ ծայրահեղ մինիմալիզմից, որը գործող իշխանությունների եւ իշխանամերձների մոտեցումն է, մինչեւ ծայրահեղ մաքսիմալիզմ, որը ոչ իշխանական, ընդդիմադիր սեգմենտին է հիմնականում բնորոշ։ Արքեպիսկոպոս Աջապահյանի՝ հանրությանը տված դիագնոզն իրականում շատ վատ է, չնայած էլի ասենք՝ ժամագործի ճշգրտությամբ ու ոսկերչի բծախնդրությամբ արված գերճշգրիտ դիագնոզ է, որովհետեւ ծայրահեղ մինիմալիզմի եւ ծայրահեղ մաքսիմալիզմի միջեւ խարխափող հասարակության մեջ տիրապետում են ավելորդ էմոցիոնալությունը, ավելորդ հուզականությունը, պաթոսը, սենտիմենտալիզմը, նաեւ՝ չափազանցված կրավորականությունը, ու տեղ չի մնում պրագմատիզմի համար։ Մինչդեռ մեր հասարակությանը պակասում է հենց պրագմատիզմը։
Նայենք Իսրայելին եւ այդ երկրի հասարակությանը, առհասարակ՝ հրեական ազգային հոգեկերտվածքին։ Դա պրագմատիզմի «մաստեր կլաս» կարող է լինել մեզ համար։ Պրագմատիզմ, որը խարսխված է ազգային շահի գիտակցման եւ դրա առաջմղման վրա։ Աջապահյան արքեպիսկոպոսի ելույթը, ի դեպ, չափազանց պրագմատիկ էր՝ նույնիսկ «մահապարտների» մասով։ Իսկ հայկական իրականության մեջ այնքան անհրաժեշտ ու այժմ, կարելի է ասել՝ գրեթե զրոյական առկայություն ունեցող ազգային-քաղաքական պրագմատիզմը թելադրում է իրականության հստակ գիտակցում ոչ միայն զուտ հայկական տեսակետից դիտած, այլեւ, առհասարակ՝ որպես օբյեկտիվ իրականություն՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռեգիոնալ քաղաքական, թե՛ ներքին կյանքի մասով, ու, ըստ այդմ, ռազմավարության, գործողությունների պլանի եւ մարտավարության մշակում։ Իհարկե, այս ամենին գալը մեկ օրում չի լինի։ Գուցե նաեւ շատ ցավոտ լինի պրագմատիզմին հանգումը, որովհետեւ այդ ճանապարհին ազգային, հանրային ու քաղաքական շատ միֆային փուչիկներ պետք է դեռ պայթեն։ Սակայն միայն այդ դեպքում մենք կկարողանանք հաղթահարել «ինքնության ճգնաժամը», մեր մեջքն ուղղել եւ ինքնավստահ կանգնել երկու ոտքի վրա՝ ամուր կերպով։
