
Անցած տարվա հոկտեմբերի 7-ին, պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական կազմակերպության կողմից Իսրայելի վրա կատարված հարձակմանը, հետևեց Իսրայելի չափազանց դաժան պատասխանը՝ Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների և ցամաքային ներխուժման տեսքով։ Իրանը և արաբական մի շարք երկրներ դատապարտեցին հրեական պետության ոչ համարժեք գործողությունները Գազայում, որոնց հետևանքով զոհվեցին և ցավոք, դեռ շարունակում են զոհվել հազարավոր խաղաղ բնակիչներ։ Եմենը՝ ի դեմս այդ երկրի տարածքի գերակշիռ մեծամասնությունը վերահսկող հուսիտ ապստամբների, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, պաշտոնապես պատերազմ հայտարարեցին Իսրայելին և խոստացան թիրախավորել Կարմիր ծովում գտնվող այն բոլոր առևտրային նավերը, որոնք ուղևորվում են Իսրայել։ Հուսիտները համառ գտնվեցին և իրագործեցին իրենց այդ սպառնալիքները, հարձակումներ իրականացնելով նավերի վրա, որից հետո, ինչպես և կարելի էր ենթադրել, հրեական պետությանը օգնության ձեռք մեկնեցին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և նրանց դաշնակիցները՝ օդային հարվածներ հասցնելով Եմենի տարածքին ու խոցելով հուսիտներին պատկանող մի շարք ռազմական օբյեկտներ։ Ինչպես արդեն նշեցինք, հուսիտների թիկունքին կանգնած է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և այս հարվածները, ինչ որ տեղ, նաև Իրանին էին ուղղված։ Այսպիսով կարելի է փաստել, որ ռազմական էսկալացիան մերձավորարևելյան տարածաշրջանում ընդլայնում է իր աշխարհագրությունը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Բայց բուն ռազմական գործողությունների մասին չէ, որ ուզում եմ այսօր խոսել, այլ այն երկակի ստանդարտների, որոնք կիրառում են Արևմուտքն ու Ռուսաստանը՝ ելնելով սեփական շահերից։ Մի պահ շեղվելով թեմայից, հիշենք արցախյան վերջին իրադարձությունները։ Ռուսաստանը, իր խաղաղապահներով պարտավորվել էր ապահովել տեղի բնակչության խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ արևմտյան առաջատար երկրները միաբերան պնդում էին, թե թույլ չեն տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Բայց գործնականում ինչի՞ ականատեսը եղանք մենք բոլորս… Ռուս խաղաղապահները ինչ որ տեղ էին անհետացել, մինչ դեռ պարտավոր էին տեղակայված լինել շփման գծի ողջ երկայնքով, կանխելու համար ցանկացած ռազմական սադրանք՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Երբ անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցավ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան, պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս Պուտինի խոսնակ Պեսկովի, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ Բաքվի գործողությունները լեգիտիմ են, քանի որ նրանք գործում են իրենց երկրի տարածքում։ Արևմուտքն էլ բավարարվեց մտահոգություն հայտնելով։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները անգամ կասկածի տակ դրեցին էթնիկ զտման փաստը, հայտարարելով, թե չկան բավարար հիմքեր նման գնահատականներ տալու համար։ Արևմտյան մյուս պետությունները բավարարվեցին գրեթե նույնաբովանդակ ելույթներով, և միայն Ֆրանսիան էր, որ իրերը կոչեց իրենց անունով, Արցախի հայաթափման փաստը գնահատելով որպես հայ բնակչության բռնի տեղահանում։ Իսկ հիմա վերադառնանք Մերձավոր Արևելք։ Երևի շատերը արդեն մոռացել են, որ սկսած 2007 թ-ից, երբ Գազայի հատվածում իշխանության եկավ ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժումը, Իսրայելի կողմից պաղեստինյան այդ տարածքը ենթարկվեց լիարժեք շրջափակման։ Մարդկանց կյանքը վերածվեց դժոխքի՝ պարենային դեֆիցիտ, հումանիտար ճգնաժամ և այլն։ Ով տեղյակ չէ ասեմ, որ էլեկտրա և ջրամատակարարումները իրականացվում են Իսրայելի տարածքից։ Եվ այդ մատակարարումները, պետք է նշել, որ իրականացվում էին, մեղմ ասած, ոչ պատշաճ մակարդակով՝ մշտական խափանումները դարձել էին սովորական մի երևույթ։ Բայց ոչ Ռուսաստանը, ոչ արևմտյան երկրները, փորձելով չփչացնել իրենց հսրաբերությունները հրեական պետության հետ, երկար տարիներ աչք էին փակում այս խնդրի վրա, գերադասելով պահպանել լռություն, միաժամանակ չմոռանալով միջազգային բարձր ամբիոններից խոսել մարդու իրավունքներից, հումանիզմից, ժողովրդավարությունից և այլն։ Իսկ Գազայի հատվածում, պատկերացրեք, մինչև հոկտեմբերի 7-ի հայտնի իրադարձությունները բնակվում էր ավելի քան 2 մլն 200 հազար մարդ։ Կարծում եմ, այս բլոկադան վերջին դերը չխաղած՝ ՀԱՄԱՍԻ կողմից Իսրայելի վրա կատարված հարձակման գործում, չնայած կային բազմաթիվ այլ պատճառներ ևս։ Բոլորը դատապարտեցին պաղեստինցի ծայրահեղականների այս քայլը, որի հետևանքով զոհվեցին հրեական պետության մոտ 1.200 քաղաքացիներ։ Կարճ ժամանակ անց, հետևեցին Իսրայելի չափազանց անհամարժեք գործողությունները Գազայի հատվածում, որի մասին արդեն խոսեցինք։ Այսօրվա դրությամբ, պաղեստինյան կողմի կորուստները մոտենում են 24.000-ի, որոնց 70% կազմում են կանայք և երեխաներ։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն։ ՄԱԿ-ի գնահատմամբ, Գազայի հատվածը անպիտան է դարձել ապրելու համար՝ գրեթե բոլոր շենք-շինությունները ավերված են, չկան տարրական կենցաղային պայմաններ։ Եվ դարձյալ Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից չենք լսում ադեկվատ արձագանքներ, դատապարտման խոսքեր։ Արևմտյան առաջնորդները միայն հորդորում են Իսրայելին հնարավորինս զգույշ գործել, որպեսզի չտուժեն խաղաղ բնակիչները։ Եվ վերջ! Նրանք ակտիվացան, երբ գործի անցավ Եմենը՝ հարձակման ենթարկելով Կարմիր ծովում գտնվող և Իսրայել ուղևորվող նավերը։ Արևմտյան առաջատար երկրները սկզբում սպառնացին Եմենին, իսկ ավելի ուշ նաև օդային հարվածներ հասցրեցին այդ երկրի տարածքին։ Իհարկե, միջազգային օրենքների համաձայն, նավերի վրա ռազմական հարձակումները միանշանակորեն որակվում են որպես ծանր հանցագործություն։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Մյուս կողմից, սակայն, այդ հարձակումները անհամեմատելի են այն գազանությունների հետ, որոնք տեղի են ունենում Գազայի հատվածում, թեկուզ միայն այն պատճառով, որ առևտրային նավերը խոցելիս՝ հազարավոր կանայք և երեխաներ չեն զոհվում։ Հուսիտները խոստանում են չնահանջել, իսկ արևմտյան երկրները, և առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, իրենց հերթին խոստանում են նոր օդային հարվածներ հասցնել վերջիններիս դիրքերին։ Այսպիսով, հուսիտներին փորձում են կանգնեցնել ցանկացած գնով։ Իսկ ո՞վ, կամ ովքե՞ր են կանգնեցնելու Իսրայելին։ Արթուր Օգանեզով Ambionnews-ի քաղաքական մեկնաբան