Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենք մատակարարելու լիցենզիաները. ԶԼՄ-ներ
Մեծ Բրիտանիան վերանայում է Թուրքիային զենքի մատակարարման բոլոր արտոնագրերը Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունների պատճառով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնոում է Financial Times-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ որոշման մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն, ըստ պարբերականի, կառավարությունը որոշել է ամբողջությամբ վերանայել բոլոր զենքերի մատակարարումները, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայի կողմից ընթացիկ գործողության ընթացքում, և ժամանակավորապես կասեցնել նոր լիցենզիայի տրամադրումը:
The Financial Times-ը նշում է, որ վերջին հինգ տարում Մեծ Բրիտանիան Թուրքիային մատակարարել է 1,1 միլիարդ ֆունտ (1,4 միլիարդ դոլար) արժողությամբ զենք:
Ավելի վաղ, եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել էին Թուրքիայի զենքի մատակարարումը: Միաժամանակ, ԵՄ 28 երկրների արտգործնախարարները երկուշաբթի Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ չէին համարձակվել էմբարգո կիրառել Անկարային զենքի մատակարարման հարցում:
