Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինայից իր ռազմական հրահանգիչների հեռանալու մասին
Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:
«Ուկրաինայում կային բրիտանական զորքեր, որոնք պատրաստում էին ուկրաինացի զինվորականներին, մենք պատրաստեցինք տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորների, վերջին շաբաթներին մենք տրամադրեցինք պաշտպանական հակատանկային համակարգեր, նաև որոշ հրահանգիչներ ուղարկվեցին ուկրաինացի զինվորականներին զենքի համակարգում օգնելու համար, բայց Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում բրիտանացի զինվորական չի լինի Ուկրաինայում»,- ասել է Հիփին Sky News-ի եթերում։
Ուկրաինայում 2015 թվականին մեկնարկած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Orbital ուսումնական առաքելության շրջանակներում վերապատրաստվել է մոտ 22 հազար ուկրաինացի զինվոր: Հունվարին Բրիտանիան լրացուցիչ նոր ռազմական հրահանգիչներ և 2000 հրթիռ է ուղարկել Ուկրաինա։ Ներկայումս Ուկրաինայում կա 100 բրիտանացի ռազմական հրահանգիչ։ Միաժամանակ, Լոնդոնը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում իրավիճակի սրման դեպքում բրիտանական բանակի մարտական ստորաբաժանումներ ուղարկել։
