Մարդ, որի կողքին՝ ինչպես հրաբխի վրա

55 տարեկանում մահացած տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ընկերները, գրչակից-գաղափարակից ընկերներն այսօր հավաքվել էին հիշելու Սամվելին, նրա գրականությունն ու հայ գրականություն բերած թարգմանական գրականության ահռելի ժառանգությունը։ Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսես» վեպի թարգմանությունն ավարտելուց հետո Սամվել Մկրտչյանն ասել էր․ «Ուլիսեսը» թարգմանելիս իմ սերը տասնապատիկ ավելացավ հայերենի հանդեպ: Ուրիշ լեզուներում որոշակի գլխի հասնում են, կանգնում են, էլ չեն կարողանում առաջ գնալ, որովհետեւ թարգմանչի դուխը կարող է հերիքում է, բայց լեզվի դուխը չի հերիքում: Ռուսերենը, օրինակ, խժռող լեզու է, ամեն ինչ ասիմիլացնում է: Ռուսերենում մի տաղանդավոր թարգմանիչ կարող է վերցնել մի լավ հեղինակի ստեղծագործություն եւ արդյունքում ստանա մի ուրիշ գործ, այսինքն’ բնագիրն աղավաղված է: Իսկ հայերենը կարող է հայելի հանդիսանալ ցանկացած լեզվի համար: Հայերենի հնարավորությունները պարզապես անսահմանափակ են: Պարզապես մենք շատ ենք ետ մնացել մեր լեզվից: Մեր լեզուն մեր մտակառուցվածքից, մտածողությունից շատ առաջ է ընկած, դրա համար մենք չենք զգում լեզուն: Դրա համար պետք է մի քիչ ետ գնանք՝ նորից մեր լեզուն գտնելու համար»:
Միջոցառումն սկսվեց Սամվել Մակրտչյանի սեր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ով թերևս, Սամվել Մկրտչյան մարդու ու բանաստեղծի մասին ասաց ամենադիպուկը՝«ֆանտաստիկ, հանճարեղ, վուլկան-մարդ, որի մեջ կար ամեն ինչ, և որի կողքին՝ ինչպես հրաբխի վրա»։ Նաիրան պատմեց, որ Երևանում չկար որևէ քաղմաս, որտեղ չէին եղել Սամվելի հետ, բոլորը իրենց ճանաչում էին։ Սամվելը ծեծում էր գրողներին ու գրականամերձ անձանց և ծեծում էր դաժանորեն։ Ասենք՝ մեկին, որ վատ բան էր ասել Հրանտ Մաթևոսյանի հասցեին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )