Մատենադարանում բացվել է «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված Ռոբերտ Էլիբեկյանի 85-ամյակին
Մատենադարանում բացվել է «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված Մատենադարանի նվիրատու, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին։
Ցուցահանդեսը ներառում է նկարչի ընտանեկան հավաքածուից ընտրված՝ 1972–2017 թթ. ստեղծված գեղանկարչական, գրաֆիկական և դեկորատիվ արվեստի գործեր։
«Հավատի խաչվող գույները» ցուցադրությունն առաջին փորձն է՝ արդի արվեստի ստեղծագործությունները երկխոսության մեջ դնելու Մատենադարանի հնագույն ձեռագրերի նկարազարդումների հետ։ Այս համադրությունը բացահայտում է հայկական հոգևոր-գեղարվեստական մշակույթի ժառանգական կապերը՝ հաստատելով միջնադարի և արդիականության, ձեռագրի և կտավի, հավատքի և ժամանակակից գեղարվեստական մտածողության կենդանի փոխառնչությունը։
Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ցուցադրության համադրողներ՝ արվեստաբան Լիլիթ Սարգսյանը և Մատենադարանի թանգարանի ղեկավար, արվեստաբան Իվեթ Թաջարյանը, ինչպես նաև նկարիչ, Ռոբերտ Էլիբեկյանի որդի Արեգ Էլիբեկյանը։
