Մայիսի 28-ը՝ հայ կնոջ նվիրումի, ուժի ու հաղթանակի խորհրդանիշը.Հասմիկ Վիրաբյան
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ։ Այս օրը հպարտության, պայքարի ու վերածննդի խորհրդանիշ է ողջ հայության համար։
1918 թվականի մայիսը մեր ժողովրդի տոկուն կամքի ու աննկուն ոգու հաղթանակն էր։ Այդ հաղթանակը միայն ռազմի դաշտում չէր կերտվում. մեր մայրերը, քույրերը և դուստրերը իրենց ամուր կամքով, խնամքով, կրթությամբ ու հոգատարությամբ մի ամբողջ սերունդ ձևավորեցին, որն ունակ էր կանգնելու ու կռվելու հանուն հայրենիքի։
Կնոջ ձեռքով է պահվել տունը՝ երբ ճակատում կրակ էր, կնոջ ուսերին է եղել երեխայի ապագան՝ երբ երկիրը դեռ հազիվ էր սկսում վերագտնել իրեն։ Հայ կինը եղել է մոր, ուսուցչի, բուժքրոջ, գրողի ու զինվորի կողքին կանգնած հավասարաչափ պայքարող։
Այսօր ևս հայ կինն անփոխարինելի դեր ունի՝ մեր հասարակության դիմադրունակության, բարոյականության ու առաջընթացի մեջ։ Մենք՝ կանայք, մեր օրապահիկ նվիրումով շարունակում ենք այդ լույսը, որ վառվեց Սարդարապատի հաղթանակներով։
Թող Մայիսի 28-ը մեզ հիշեցնի, որ ուժը նաև հմայք է, խելքը՝ զենք, իսկ մայրական սիրտը՝ ամենանվիրական մարտիկը խաղաղության համար։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ մեր հերոս մայրերն ու քույրերը։
Հարգանքով՝
Հասմիկ Վիրաբյան
