Մադոննայի վիճակն այնքան ծանր է եղել, որ հարազատները վախեցել են՝ կարծելով, որ կմահանա

Մադոննայի վիճակն այնքան ծանր էր, որ նրա հարազատները «պատրաստվում էին ամենավատին», DailyMail-ին ասել է ընտանիքի անդամներից մեկը։

Փոփի թագուհուն գտել են շաբաթ օրը՝ անգիտակից վիճակում եւ տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրան ինտուբացրել են:

Նրա մենեջեր Գայ Օսիրին հայտարարել է, որ աստղը «լուրջ բակտերիալ վարակ» ունի եւ ժամանակ է պետք ապաքինվելու համար, ինչի պատճառով նրա շրջագայությունը, որը պետք է սկսվեր Վանկուվերում հուլիսի 15-ին, հետաձգվեց։

Երգչուհու ազգականը DailyMail.com-ին ասել է, որ ընտանիքը մի քանի անքուն գիշեր է անցկացրել՝ չիմանալով, արդյոք Մադոննան ողջ կմնա։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում ոչ ոք իսկապես չգիտեր, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ նրա ընտանիքը պատրաստվում էր ամենավատին», – ասել է նա: «Բոլորը կարծում էին, որ մենք կարող ենք կորցնել նրան, եւ դա իրականությունն էր»:

Ինչպես հայտնում է The New York Post-ը՝ աստղի դուստր Լուրդեսը հոսպիտալացման ժամանակ մոր կողքին է եղել։

Մադոննան ունի երեք քույր՝ Պաուլա, Մելանի եւ Ջենիֆեր, եւ չորս եղբայր՝ Էնթոնի, Մարտին, Քրիստոֆեր ու Մարիո։ Էնթոնին մահացավ փետրվարին կոկորդի քաղցկեղից և շնչառական անբավարարությունից 66 տարեկան հասակում:

Ընտանեկան աղբյուրը DailyMail.com-ին հայտնել է, որ նրանց հավաքել է նրա հանկարծակի հոսպիտալացումը: «Մադոննայի ընտանիքի բոլոր անդամները համախմբվեցին այս առիթով»։

Սա երգչուհուն հիշեցրեց, որ նա պետք է հոգա իր մասին։ «Նա իր տարիքին համապատասխան առողջ ապրելակերպ չէր վարում, եւ վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ է նիհարել։ Նա կարծում է, որ դեռ երիտասարդ է, մինչդեռ իրականում այդպես չէ։ Նա իրեն անպարտելի է համարում»։

Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նա աշխատում է շուրջօրյա, որպեսզի համոզվի, որ իր շրջագայությունը կատարյալ է եւ շաբաթը վեց օր փորձեր է անում:

Ապրիլին DailyMail.com-ի մեկ այլ հարազատ ասել էր, որ «Մադոննան բոլորին խելագարեցնում է իր պերֆեկցիոնիզմով»։ Այդ ժամանակ աղբյուրը հայտնել էր, որ Մադոննան «անհավանական մարզավիճակում էր»:

«Ամեն ինչ, այդ թվում նաեւ այս շրջագայությունը, այժմ հետին պլան է մղվում, եւ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ աշխատանքի հետ կապված որեւէ բան նշել»,- հավելել է հարազատը։ «Մինչեւ մահ նա իր կարիերան եւ համբավը կդասի առողջությունից վեր»:

 

Share This