Հույս ունեմ <<Լուսավոր Հայաստանը>>գոնե իր համար հետեւություններ կանի եւ կվերադառնա բովանդակային քաղաքական դաշտ. Մակունց
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Լուսավոր Հայաստան խմբակցությանը կոչ է անում հետեւություններ անել Ազգային ժողովում նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպից եւ վերադառնալ բովանդակային քաղաքական դաշտ:
Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից երեկ երեկոյան ուղիղ եթերում հնչեցված մտքերին՝ բացառությամբ մեկի.
«Պարոն Մարուքյանի տեսաուղերձի հետ կապված ես կանդրադառնամ միակ քաղաքական հատածին: Այդ հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելուն, որը մենք բոլորս լսեցինք»:
Հիշեցնենք, որ ի պատասխան մանդատները վայր դնելու Իմ քայլի առաջարկի՝ Մարուքյանը հայտարարեց, թե չեն պատրաստվում հրաժարվել իրենց մանդատներից:
Հարցին, թե ի՞նչ է լինելու այս պարագայում՝ Մակունցը պատասխանեց.
«Ակնհայտ է եւ բոլորիս համար ակներեւ, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հանրային կերպով չընդունեց իր մեղքի մասնաբաժինը տեղի ունեցածի առնչությամբ եւ նախորդող դեպքերի առնչությամբ: Ես լիահույս եմ, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունում իրենք իրենց համար հետեւություններ կանեն տեղի ունեցած միջադեպի մասին եւ ես հույս ունեմ բոլորս կվերադառնանաք քաղաքական բովանդակային դաշտ եւ ԱԺ աշխատանքները կվերականգնվեն»:
Լրագրողները խնդրեցին այնուամենայնիվ մեկնաբանել Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթին Մարուքյանի արձագանքը. Մարուքյանն այն ընկալել էր որպես սպառնալիք:
«Ես կարծում եմ՝ Սասուն Միքայելյանի ելույթը ամբիոնից բավականին հստակ էր, հիշեցնում էր՝ ինչ է տեղի ունեցել նախկինում, իր գործընկերների մասին էր հիշեցնում…Ես Սասուն Միայելյանի ասածը չեմ ընկալել որպես սպառնալիք: Եթե նկատի ունեք, որ նա ասում էր կամ պետք է ներողություն խնդրի կամ լավ չի լինելու, ես դա ընկալել եմ բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն խնդրելը լավ չի անդրադառնա նրա եւ Լուսավոր Հայաստան կուսակցության հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»:
Արդյո՞ք իրավիճակը փակուղային չէ՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը.
«Ես նորից ուզում եմ կրկնել, որ Լուսավոր Հայաստան խմբակցութունը միջադեպի հետ կապված իր մեղքի մասնաբաժինը չի ընդունում, ինչի հետ մենք համաձայն չենք: Ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ ԼՀԿ-ն իրենց համար կանի հետեւություններ: Իմ քայլը խմբակցությունը մեր մասով դատապարտել է միջադեպը եւ մեր հետեւությունները մենք արել ենք: Մենք լիահույս ենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունը եւս կանի իր հետեւությունները»,- արձագանքեց Իմ քայլը խմբակցության ղեկավարը՝ հավելելով, թե այլեւս չի ուզում անդրադառնալ այդ թեմային:
