ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ շինարարներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։

Կառուցելը միայն մասնագիտություն չէ, այն պատասխանատվություն է, հեռատեսություն և հավատ վաղվա օրվա նկատմամբ։ Յուրաքանչյուր կառույց, ճանապարհ, կրթական կամ առողջապահական հաստատություն ձեր գիտելիքի, վարպետության և նվիրված աշխատանքի կենդանի վկայությունն է։ Շինարարի աշխատանքին լավագույն գնահատականը տալիս է ժամանակը։ Ամուր, կանգուն կառույցները տարիների ընթացքում դառնում են ոչ միայն ճարտարագիտական մտքի և վարպետության արդյունք, այլև մասնագիտական ազնվության, պատասխանատվության և ստեղծարար աշխատանքի մնայուն վկայություն։

Շիրակը դարեր շարունակ հայտնի է եղել իր արարող վարպետներով։ Այսօր էլ մարզի զարգացմանը, համայնքների վերափոխմանն ու ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը ձեր մասնագիտական ներդրումն առանցքային նշանակություն ունի։

Այս տոնական օրը խորին երախտագիտություն եմ հայտնում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ վաստակի, բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական նվիրումի համար։ Ձեր ստեղծած արժեքները տարիների ընթացքում դառնում են սերունդներին փոխանցվող ժառանգություն, ամուր հիմք մեր երկրի և Շիրակի հետագա զարգացման համար։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ, ընտանեկան բարօրություն և խաղաղ երկինք։

Թո՛ղ ձեր ձեռքով կերտված յուրաքանչյուր կառույց երկար տարիներ ծառայի մարդկանց, իսկ ձեր աշխատանքը միշտ արժանանա բարձր գնահատանքի։

Շնորհավոր Շինարարի օր։

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Դ․ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Share This