Հետագա զարգացումները Սիրիայում կախված կլինեն Դամասկոս-Անկարա-Մոսկվա պայմանավորվածությունից․ փորձագետ

Հետագա զարգացումները Սիրիայում կախված կլինեն Դամասկոս-Անկարա-Մոսկվա պայմանավորվածությունից․ փորձագետ Փորձագետ Սարգիս Գրիգորյանը, այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայում ծավալվող զարգացումներին, մասնավորապես Թուրքիայի կողմից այդ երկրի հյուսիս-արեւելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմարշավին։ Բանախոսը կարծում է, որ այժմ մեկնարկել է նոր շրջափուլ Սիրիական հակամարտության մեջ, որը կարելի է համեմատել ռուսական զորքերի՝ Սիրիա մուտքի հետ, որը փրկեց Ասադին վերահաս կործանումից։ Քաղաքագետը հայտարարեց, որ քրդերի եւ կառավարական ուժերի պայմանավորվածությունը կարող է լուրջ փոփոխություն բերել զարգացումներում, հատկապես, որ կառավարական ուժերը, ըստ տեղեկությունների արդեն Քոբանիում են ու քրդերի կողմից վերահսկով Մանբիջում։ Նա նկատում է, որ սա տեղի ունեցողը իհարկե հանգուցալուծում չէ, այլ մի շրջափուլ, որտեղ կան հստակ խաղացողներ, իրենց շահերով։ Սարգսի Գրիգորյանը որպես այս փուլում նոր երեւույթ գնահատում է քրդերի եւ Դամասկոսի պայմանավորվածությունը եւ Ասադի զորքերի մուտքը քրդական վերահսկողության տարածքներ, որը կզսպի թուրքերին, որոնց համար չափազանց շատ խորացումը վտանգավոր է, իսկ պրոթուրքական խմբերն էլ աչքի են ընկնում վայրագություններում ու բարբարոսական գործելաոճով։ Մնացած զարգացումները կընթանան ըստ Դամասկոս-Անկարա, Մոսկվա-Դամասկոս-Անկարա պայմանավորվածություններին համահունչ։ Վաշինգտոնն այս դեպքում դեռ հետեւում է տեսնելու համար թե Անկարան որքանով կկատարի կարմիր գծերը չանցնելու պայմանավորվածությունը, ինչի մասին հայտարարել է նաեւ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Թուրքիայի պաշտոնական վարկածն այն է, թե քանի որ այդ հատվածում իշխում են Քրդական աշխատավորական կուսակցությանը կից Քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը, որոնք Թուրքիան համարում է ահաբեկչական, իբրև մտնում են ահաբեկիչներին մաքրելու համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )