Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը
Թբիլիսում այսօր տեղի է ունեցել բողոքի ցույց` «Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։
Ցույցին ելույթ ունեցավ Վրաստանի Հայ Համայնք հկ-ի նախագահ Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվեց կազմակերպության հայտարարությունը։
«Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։
Սա փորձ է՝
. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,
. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,
. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
Մենք հայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։
Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»,– ասվում է հայտարարության մեջ։
