Հայ բժիշկը ինքնաթիռում փրկել է ուղևորի կյանքը

Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժական ծառայության և Միջազգային համագործակցության ղեկավար Սամվել Սարգսյանի շնորհիվ ինքնաթիռում փրկվել է ուղևորի կյանքը։

 

Բժիշկը Հարավային Ամերիկա էր մեկնել՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի և Արգենտինայի մի քանի առաջատար հիվանդանոցների միջև համագործակցության նպատակով։

 

Բուենոս Այրեսում ` պաշտոնական այցերի ավարտին, հրավեր էր ստացել նաև ԱՄՆ-ի Լոմա Լինդայի Ադվենտիստական հիվանդանոցից՝ Արգենտինայի հյուսիսային շրջաններում բժշկական առաքելություն իրականացնելու և բնիկ ազգաբնակչության խոցելի խմբերին բժշկական ու սոցիալական ծառայություններ մատուցելու համար, քանի որ այդ տարածաշրջանի բնակիչները հաճախ զրկված են մասնագիտական բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։ ԱՄՆ-ի գործընկերների հետ համատեղ, բժիշկը և նրա կինը՝ Մարիամը, մեկ շաբաթ շարունակ բժշկական և սոցիալական ծառայություններ էին մատուցում «Էլ Միսիոնես» տարածաշրջանի բնիկ ազգաբնակչությանը։

Առաքելության ավարտից հետո՝ Բրազիլիայից Սան Պաուլո–Ամստերդամ չվերթով Եվրոպա վերադառնալիս, որի տևողությունը ավելի քան 11 ժամ էր, ինքնաթիռում հայտարարվում է, որ եթե ուղևորների շրջանում կան բժիշկներ, մոտենան օդանավի հրամանատարի սենյակ։

 

Բժիշկ Սամվել Սարգսյանը պատմում է.

 

«Երբ մոտեցա, սկզբում ինձ թվաց, որ գուցե հրամանատարին կամ օդանավի անձնակազմից որևէ մեկին է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Սակայն բորտուղեկցորդները տեղեկացրեցին, որ օգնության կարիք ունի ուղևորներից մեկը և ուղեկցեցին ինձ նրա մոտ։

Միջին տարիքի կինը նստած էր բորտուղեկցորդների կողքին՝ դեպի առաջ թեքված դիրքով։ Նա դժվար էր շնչում, իսկ վերջույթներին առկա էր արտահայտված ցանավորում։

Արագ գնահատեցի իրավիճակը և հասկացա, որ ալերգիկ ռեակցիայի հետևանքով ուղևորի մոտ զարգանում էր այտուց, որը կարող էր կյանքին սպառնացող դառնալ՝ առաջացնելով շնչուղիների այտուց։ Դժվարաշնչությունն արդեն իսկ դրա հնարավոր դրսևորումն էր։

Արագ որոշում կայացրինք օդանավի անձնակազմի մոտ առկա հակաշոկային դեղատուփից օգտագործել անհրաժեշտ դեղամիջոցները և անհապաղ ներարկել դրանք։

Ողջ անձնակազմը լարված սպասում էր։

Ինձ մտահոգում էր այն հանգամանքը, որ ինքնաթիռում առկա էր դեղատուփ, սակայն պացիենտի վիճակի հետագա վատացման դեպքում չունեինք համապատասխան մասնագիտացված սարքավորումներ, իսկ դեղորայքային ռեսուրսները սահմանափակ էին։

Բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում օդանավի հրամանատարը մոտեցավ ինձ և շատ արագ ճշտեց՝ արդյոք անհապաղ վայրէջք կատարելու կարիք ունե՞նք։

Փառք Աստծուն, ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։

Դեղամիջոցների ներարկումից րոպեներ անց ուղևորի շնչառությունը զգալիորեն բարելավվեց, վերականգնվեց կլման ակտը։ Հաջորդող մեկ ժամվա ընթացքում զգալիորեն նվազեցին վերջույթների այտուցները, թեև ցանը դեռ պահպանվում էր։

Հաշվի առնելով պացիենտի վիճակի բարելավումը՝ օդաչուներին տեղեկացրեցի, որ իրավիճակը վերահսկելի է, և կարող ենք շարունակել թռիչքը դեպի Ամստերդամ։

Ավելի ուշ տեղեկացա, որ օդաչուն թույլտվություն էր խնդրել հնարավոր մոտակա օդանավակայաններից որևէ մեկում վայրէջք կատարելու համար։ Թե կոնկրետ որ օդանավակայանների մասին էր խոսքը, մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ այդ ընթացքում Հարավային Ամերիկայից դեպի Եվրոպա անցնում էինք տարբեր երկրների օդային տարածքներով՝ հատելով նաև Ատլանտյան օվկիանոսը։

Երբ պացիենտի վիճակն արդեն զգալիորեն բարելավվել էր, լրացրեցի օդանավում ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, որոնք հետագայում պետք է փոխանցվեին օդանավակայանի բժշկական ծառայությանը։

Վերջում ինձ մոտեցավ ավագ բորտուղեկցորդը և ավիաընկերության անունից, փոքրիկ հուշանվեր փոխանցելով, շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմի և ավիաընկերության անունից։

Ամստերդամի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո մոտեցավ օդանավակայանի բժշկական անձնակազմը, սակայն պացիենտի վիճակն արդեն զգալիորեն բարելավվել էր։

Մի քանի օր անց, երբ արդեն Հայաստանում էի, էլեկտրոնային փոստով նամակ ստացա KLM ավիաընկերությունից։ Ավիաընկերության անունից խորին շնորհակալություն էին հայտնում չվերթի ընթացքում ցուցաբերած բժշկական օգնության համար։ Նամակին կից նաև ուղարկել էին ավիաընկերության կողմից տրամադրված վաուչերը, որից կարող եմ օգտվել KLM-ի հետագա թռիչքների ընթացքում։

Իհարկե, հաճելի էր նման անակնկալ գնահատանքի արժանանալ, սակայն առավել հաճելի էր գիտակցել, որ ևս մեկ կյանք փրկվեց։

Չէ՞ որ մեր առաքելությունը սահմաններ չունի՝ նույնիսկ ամպերից վեր։

Անկախ նրանից՝ բժշկական օգնություն ենք ցուցաբերում բժշկական կենտրոնի ներսում, քաղաքակրթությունից հեռու անտառներում, թե երկրի մակերևույթից հազարավոր կիլոմետրեր բարձրության վրա»։

Ի դեպ, Սամվել Պավելի Սարգսյանը ոչ միայն Սուրբ Աստվածամայր Բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժական ծառայության և Միջազգային համագործակցության ղեկավարն է, այլև

Մանկական Նյարդավիրաբույժների Հայկական Միության նախագահն ու

Մանկական Նյարդավիրաբույժների Եվրասիական Ասոցիացիայի նախագահը։

 

«Լաստ» լրատվականը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժշկին, մաղթում նորանոր հաջողություններ և խաղաղ թռիչքներ։

Share This