Հայաստանում օձերի հայտնաբերման կանչերն աճել են 13.3%-ով․ 2026-ի առաջին կիսամյակում գրանցվել է 629 դեպք
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ambion.news-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։ Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի թունաբանության ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածի հետքի և առկա ցավի դեպքում հսկողությունն անպայման պետք է իրականացվի հիվանդանոցային պայմաններում։ «Օձի կծածի դեպքում որպես առաջին օգնություն չի կարելի սեղմող կապ դնել, բերանով արտածծում կատարել, սառույց դնել, քանի որ, եթե կա տեղային հյուսվածքների վնասում թույնի ազդեցությամբ, այս բոլոր միջամտություններն ավելի կբարդացնեն թույնի ազդեցությունը»,- ասաց Գրիգորյանը։
