Հայաստանի ամբողջ տարածքում ներմարզային փոխադրումները կարգելվեն

Պարետն այսօր որոշում կընդունի, ըստ որի՝ Հայաստանի ամբողջ տարածքում ներմարզային փոխադրումները կարգելվեն։ Ներկայում դրանք որոշ մարզերում իրականացվում են։ Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ չնայած պարետի կողմից ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են մտցվել, բայց որոշ մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները գործում են։ Մասնավորապես՝ ներկայում Լոռիում, Շիրակում, Կոտայքում են ներմազային երթուղիներ գործում։ Ներհամայնքային երթուղիները գործում են Գեղարքունիքում, Տավուշում, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերում։ Մնացած մարզերում ներմարզային և ներհամայնքային երթուղիները չեն գործում։ «Այսօր նախատեսվում են որոշակի փոփոխություններ իրականացնել պարետի որոշման մեջ՝ կապված միջմարզային ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնելու հետ։ Այսօրվա որոշմամբ պլանավորվում է արգելել նաև ներմարազային ուղևորափոխադրումները»,- ասաց նա։
Անդրադառնալով ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին՝ փոխնախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ 4 ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ ուղևորափոխադրումներ են իրականացնում։ Ուղևորահոսքը բավական նվազել է ոլորտում։ «Եթե մարտի 8-ի դրությամբ օրական ունեինք 6 000 ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասաց նա։Ինչ վերաբերում է երկաթուղային տրանսպորտին՝ Արմեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր երթուղիներն աշխատում են, երկաթուղին աշխատում է նորմալ ռեժիմով, բացառությամբ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևան-Գյումրի արագընթաց գնացքը։ Քանի որ ուղևորահոսք չկա, այսօրվանից գնացքի գործունեությունը դադարեցվում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )