Կերչի նեղուցում փոթորկի հետևանքով երկու լցանավ է վնասվել. լայնածավալ փրկարարական աշխատանքներ են ընթանում
Կերչի նեղուցում փոթորկի պատճառով երկու լցանավ է վնասվել, որոնցում ընդհանուր առմամբ 27 մարդ է եղել, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով օպերատիվ ծառայությունները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ պոկվել է Volgoneft-212 լցանավի ետնամասը, որի անձնակազմը բաղկացած է 13 հոգուց։ «Վնասվել է նաև նույն տարածքում նավարկող՝ ավելի քան 4 տոննա մազութ փոխադրող և դեպի Թամանի թերակղզի շարժվող Volgoneft-239 լցանավը, որի անձնակազմը 14 հոգուց է»,-հայտնել է գործակալության աղբյուրը։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը հաստատել է արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ փոքր նավերի պետական տեսչությունը, Կերչ քաղաքի 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչության Ղրիմի հատուկ ծովային ջոկատի աշխատակիցները սպասման վիճակում են՝ օգնություն ցուցաբերելու համար: Կազմակերպվել է մշտական օպերատիվ շտաբի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, միջադեպի վերացմանը ներգրավվել է ավելի քան 50 մարդ և 11 տեխնիկա։
ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ առավոտյան եղանակային բարդ պայմանների, սաստիկ քամու և ծովի մինչև 7 բալանոց ալիքների պատճառով Կերչի նեղուցում վնասվել է Volgoneft-212 նավը և օգնություն է խնդրել։ Փրկարարների հետ աղետի վայր է մեկնել ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռը։
Բացի դրանից, ծովային փրկարարական համակարգման կենտրոնի «Մերկուրի» փրկարար քարշակը դուրս է եկել Կերչ քաղաքի Կամիշ-Բուրուն ծովածոցից։
