Կադիրովը պաշտոնյաներին կոչ է արել վճարել չեչենների պարտքերը խանութներում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել պաշտոնյաներին վճարել հանրապետության բնակիչների՝ խանութներում ունեցած պարտքերը. նա համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման ընդլայնված նիստում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Խադիժաթից (Խադիժաթ Կադիրովա՝ Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալ-Խմբ.) հաղորդագրություն ստացա, որ շատ մարդիկ, ֆինանսական միջոցների սղության պատճառով, ստիպված են ապրանքներ գնել պարտքով: Լավ կլինի օգնել նրանց փակել այդ պարտքերը։ Լավ կլինի, որ ամեն մեկն իր վրա վերցնի որևէ տարածք ու փակի այդտեղի պարտքերը։ Ես կփակեմ այն պարտքերը, որոնք կան այն տարածքում, որտեղ ես ապրում եմ»,- ասել է նա Telegram-ում տեսաուղերձում։
Պարտքերը փակելու գաղափարը նորություն չէ Չեչնիայի համար. ավելի բարձր եկամուտ ունեցող մարդիկ բազմիցս օգնել են աղքատներին, այդ թվում՝ Կադիրովի նախկին կոչերից հետո։
