Խոսել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորության մասին

Ուկրաինային հարկ է ընդունել ՆԱՏՕ-ի կազմ եւ դա կբխեր թե Կիեւի եւ թե Մոսկվայի շահերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հենրի Քիսինջերը The Economist հանդեսում հրապարակած իր հոդվածում։ Ըստ նրա, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կստեղծեր երաշխիք, որ այդ երկիրն ապագայում իր տարածքային հարցերը չի լուծի ռազմական ճանապարհով։ Քիսինջերը նկատել է, որ ներկայումս Արեւմուտքն այնքան է զինել Ուկրաինային, որ ապագայում այն կարող է դառնալ Եվրոպայի ամենից լավ զինված երկիրը եւ զուգահեռաբար նաեւ՝ ռազմավարական իմաստով ամենից անփորձ ղեկավարություն ունեցող երկիրը։ Քիսինջերը նաեւ ասել է, որ Ուկրաինան կարող է իհարկե 22 թվականի փետրվարի 24-ից հետո մինչեւ հիմա իր կորցրած տարածքները հետ վերադարձնել, սակայն Ռուսաստանից երբեք չի կարողանա հետ բերել Ղրիմը։ «Հնարավոր է լինի իրավիճակ, երբ հակամարտության արդյունքներից գոհ չլինի թե Ռուսաստանը եւ թե Ուկրաինան։ Կստացի դժգոհության բալանս եւ դա վտանգավոր է։ Եվրոպայի անվտանգության համար կարեւոր է, որպեսզի Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի կազմում, որպեսզի չկարողանա տարածքային հավակնությունները ազգային մակարդակում ռազմական ճանապարհով լուծելու տրամադրվածություն ունենա»,- ասել է ԱՄՆ նախկին Պետքարտուղարը։ Վերջինս նաեւ նկատել է, որ եվրոպացիների՝ ներկայումս ունեցած դիրքորոշումը, թե չպետք է Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի կազմ, քանի որ դա վտանգավոր է, իրականում խելացնոր տեսակետ է, քանի որ Կիեւի՝ դաշինքի կազմից դուրս վիճակը, որը նշանակում է, որ վերջինիս «ձեռքերն ազատ են» ավելի վտանգավոր է, հատկապես, երբ նաեւ հաշվի է առնվում այն սպառազինվածությունը, որն Արեւմուտքը տրամադրել է Կիեւին։ «Պետք է այնպես արվի, որ Ուկրաինան պաշտպանված լինի Եվրոպայով եւ իրենց «որբի կարգավիճակում» գտնվող երկիր չզգա»,- նկատել է Հենրի Քիսինջերը։

Share This