Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում քպական տարատրամաչափ «կարկառուններ» ու այլ սատելիտ-քարոզիչներ անասելի ակտիվացել են: Ընդ որում, ակտիվացել են ագրեսիվության առումով: Այս հանգամանքին տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են՝ նշելով նման պատկերի պատճառները: Այնպես որ, այդ առումով առանձնապես նոր բան չկա:
Չի կարելի ասել, որ քպական «կարկառունների» նշյալ դրսևորումներն առանձնահատուկ ինչ-որ նորություն են պարունակում բովանդակային առումով, բայց, ամեն պարագայում, բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում, երբ դրանք ի մի ես բերում և դիտարկում բաղադրության շերտային նրբերանգներն ու այդ ամենի ջղագրգիռ տոնայնությունը: Ի՞նչ են ասում, ավելի ճիշտ՝ ինչի՞ մասին են աղմկում քպական քարոզիչները՝ միմյանց հերթ չտալով: Ի դեպ, այդ միմյանց հերթ չտալն էլ է հատկանշական հանգամանք: Արդեն շատերն են նկատում, որ քպականները յուրօրինակ մրցակցության մեջ են, որպեսզի Փաշինյանին ցույց տան, թե իրենք որքան նվիրված ու հավատարիմ են իրենց շեֆին, թե ինչ լավ կատարող են: Բայց սա՝ իսկապես ի միջի այլոց:
