Իշխանությունն ընդդեմ <<Կիսաբաց լուսամուտների>>
Իշխանությունը պայքար է սկսել երկար տարիներ հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի դեմ։ Այսօր ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հաղորդմանն՝ ասելով, ․ «Սա՞ ինչ էր, և երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։ Եվ թող որևէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որևէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։
Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, և, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»։
Հայրապետյանտը գրառմանը կից տեղադրել է նաեւ հաղորդումներից մեկի անոնսը, որը վերնագրված է «Մենակ հեռվում»։
Ավելի վաղ, այս հաղորդմանն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասել էր, թե այն աղբ եւ պետք է արմատախիլ անել եթերից։
Չէր ուշացել են նաեւ հաղորդման վարողի՝ Հրաչ Մուրադյանի պատասխանը վարչապետին, նա ասել էր, թե իրենց ահռելի սոցիալական օգնության մասին ավելի լավ է լռի․ «Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին»։
