Ինչու չեն հնչում հարցեր համաշխարհային սպասվող տնտեսական ճգնաժամի մասին, պղնձի էժանացման մասին

Արդեն երկու օր է հայաստանյան հանրությունը ականատես է լինում «Այո»-ի քարոզչության ակտիվ փուլին, մասնակցությամբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Ինքնին հասկանալի էր, որ «Այո»-ի քարոզչությունը առանց Նիկոլ Փաշինյանի տապալված կլիներ։ Հասկանալի էր նաեւ, որ նույնիսկ Փաշինյանի կողմից իրականացված քարոզչությունը «Այո»-ի հետ քիչ կապ է ունենալու, եւ ինչպես պարզվեց այս երկու օրերին Փաշինյանի ելույթներից, այն լիովին իշխանափոխության ժամանակների գովքը երգող եւ նախկինների ուղղությամբ քար շպրտող քարոզչություն էր, այն դեպքում նույնիսկ, երբ նախկիններին որեւէ կերպ հնարավոր չէ տեսնել «Ոչ»-ի ճամբարում։ Բանն հասավ այնտեղ, որ «Ոչ»-ի ճամբարից հորդորեցին, որ իրենք «Այո»-ի թիմի քաղաքական հակառակորդները չեն եւ ավելի լավ է «Այո»-ն կենտրոնանա իր թեզերի բովանդակային քարոզչություն իրականացնելու մեջ։ Այս ամենը, ինչը ամենից ցավոտն է, տեղի է ունենում այն ժամանակ, երբ արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանի բոլոր չորս հարեւանների մոտ կա կորոնավիրուս, նավթի գինը փլուզվել է, համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի առաջ է կանգնած, Ռուսաստանի տնտեսությունը վնասներ է կրում, ինչով պայմանավորված փոխանցումները դեպի Հայաստան կնվազեն եւ էժանացել է նաեւ պղինձը համաշխարհային շուկայում, ինչը եւս հարված է Հայաստանի տնտեսությանը։ Սահմանադրական հանրաքվեն այս ամենի հետ իհարկե կապ չունի։ Ու երկրորդ ցավալի կետն այն է, որ այս ամենի մասին ոչ մի հարց չի հնչում, մինչդեռ հարկ էր որ հնչեր, որովհետեւ օրակարգայինը երկրի տնտեսությունն է, եւ ոչ թե այն, թե ինչպես պետք է անել, որ իշխանությունն ունենա գրպանային ՍԴ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )