Ինչու է հրաժարական տվել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը
Համացանցի հայկական տիրույթի թոփ լուրերից մեկն այսօր անշուշտ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականն էր։ Սա այն անդամն է, ով աջակցել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչին։ Ինչ խոսք, ինտրիգային հրաժարական է, հատկապես, որ վերջինս այդ մասին ծանուցել է ֆեյսբուքյան գրառմամբ։ Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջ․ Բուքիքիոյի հայտնի կոշտ հայտարարությունից հետո այս հրաժարականը բավական մտածելու տեղիք է տալիս։ Կարելի է մտածել, որ Փաշինյանը փորձում է ազատվել բոլոր նրանցից, ովքեր իրեն մեղմ ասած «քցել են Սահմանադրական դատարանի ծուղակը», որպեսզի գոնե այդ կերպ փորձի դուրս գալ տհաճ վիճակից ու հարթել իրադրությունը։ Հրապարակած գրառումից կարելի է հասկանալ, որ որոշակի խնդիրներ է ունեցել ԲԴԽ-ի ներսում, գուցե ավելի վաղ էլ է ցանկացել հրաժարական տալ, սակայն այժմ է հարմար գտել։ Իհարկե , հաշվի առնելով այն լուրերը, որ հնարավոր է առաջիկայում նոր դատական մարմին ստեղծվի ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների միավորմամբ ու ՍԴ-ի հարցերը այդ կերպ լուծվի, չի բացառվում, որ պարզապես հիմա Հայկ Հովհաննիսյանը հրաժարական է տալիս, հետագայում թատերաբեմ վերադառնալու համար։
