Ինչո՞ւ է ԵՄ-ն լռում. Ryanair-ին տրամադրած ի՞նչ աջակցության մասին էր խոսում փոխվարչապետը

Վերջերս հայտարարվեց իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ Ryanair-ի հայկական ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին, որից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին պետական բյուջեից ընկերությանը գումար հատկացնելու մասին, որին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հարկատուների հաշվին որևէ հավելյալ արտոնություն Ryanair-ին չի տալիս և հավելեց. «Եվրոպական միությունը պատրաստակումություն է հայտնել որոշակի միջոցներ հատկացնել՝ հավելյալ մեխանիզմներ ստեղծելու համար, ինչպես նաև հենց օդանավակայանը, որոնք հիմնականում մարքեթինգային գումարն են լինելու»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ ակնհայտ խուսափում է ուղիղ առերեսվել տրամադրվող աջակցության վերաբերյալ հնչեցվող հարցերից, ամեն կերպ խուսանավում է, միայն թե որևէ կոնկրետ բան չասի, բացի այն, որ պետբյուջեից ընկերությանը գումարներ չեն հատկացվում:

Իհարկե, լավ է, երբ որոշակի նախաձեռնություն իրականություն դարձնելու համար հնարավոր է լինում աջակիցներ ձեռք բերել, սակայն այս աջակցությունները, մասնավորապես ԵՄ-ինը, մի շարք հարցերի և մտահոգությունների տեղիք են տալիս:

Նախքան մտահոգությունների մասին խոսելը, որպես նախապատմություն նշենք, որ այս տարի Եվրահանձնաժողովն իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությանը պարտավորեցրեց Ֆրանսիային վերադարձնել 8,5 միլիոն եվրո ապօրինի օգնությունը, որը վճարվել էր Montpellier օդանավակայանի պայմանագրերով:

Մեկ տարվա քննության արդյունքում պարզվել էր, որ 2010-2017 թվականների ընթացքում Զբոսաշրջության և տնտեսական հոսքերի խթանման ասոցիացիան (APFTE) ավիաընկերությանը 8,5 միլիոն եվրո էր տրամադրել տվյալ տարածաշրջանի ճանաչելիության ավելացման և մարքեթինգային ծրագրեր իրականացնելու նպատակով: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ մարքեթինգային այս ծառայությունն իրականում պայման է եղել Ryanair-ի գործունեությունը Montpellier օդանավակայանում պահպանելու համար: Կարծես թե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Հայաստանում: Ստեղծված իրավիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու համար Tert.am-ը հարցեր էր ուղարկել և՛ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին, և՛ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեին:

ԵՄ-ին ուղղված հարցերով ցանկանում էինք պարզել, թե ինչպես է ստացվում, որ մի երկրում Եվրահանձնաժողովն անօրեն քայլ է համարում մարքեթինգային ծառայությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելը, իսկ մեկ այլ դեպքում՝ Հայաստանում, պատրաստակամություն է հայտնում նման քայլ իրականացնել:

Եթե ԵՄ-ի աջակցությունը սխալ էր մեկնաբանվել փոխվարչապետի կողմից, ապա խնդրել էինք նշել՝ եթե ոչ մարքեթինգային, ապա ի՞նչ այլ աջակցության մասին է եղել խոսքը:
Եթե պարոն Ավինյանը ճիշտ է նշել և խոսքը, ըստ էության, մարքեթինգային աջակցության մասին էր, ապա արդյո՞ք կարող են բոլոր ավիաընկերությունները ևս հավակնել Ձեր աջակցությունը, այդ թվում նաև՝ օրինակ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կամ «Արմենիա» ավիաընկերությունը, պայմանով, որ կիրականացնի համանման ծրագիր, թե ԵՄ-ն աջակցում է բացառապես միայն եվրոպական ավիաընկերություններին: Արդյո՞ք ԵՄ-ի կողմից առաջարկվող աջակցությունը ևս նախապայման չէ Ryanair-ի գործունեությունը պահպանելու համար: Եվ առհասարակ ԵՄ-ում չեն կարծում, որ ստեղծված վիճակում կարող են լինել անհավասար մրցակցային պայմաններ, որոնք կարևորվում են ԵՄ-ի վարվող քաղաքականության կողմից:

Մի քանի շաբաթ է, ինչ մենք սպասում ենք ԵՄ-ի պատասխաններին, սակայն դրանք այդպես էլ դեռևս մեզ չեն ուղարկվել: Սա ևս տարօրինակ նրբերանգ է իր մեջ պարունակում. եթե մեր մտահոգությունները սխալ են, ապա ինչն է պատճառը, որ պատասխան նամակով հերքումները մեզ չեն ուղարկվել, իսկ եթե, այնուամենայնիվ, մեր կողմից բարձրացրած հարցերը համապատասխանում են իրականությանը, ապա, միևնույն է, ստեղծված իրավիճակը շատ տարօրինակ է: Մի՞թե ԵՄ-ն կամընտրական կերպով է իր իսկ կողմից որդեգրած քաղաքականությունը ծավալում: Հուսով ենք, որ, այնուամենայնիվ, մենք դեռ կստանանք մեր հարցերի պատասխանները և առավել շատ հույս ունենք, որ ԵՄ-ն իր աջակցությամբ չի հակասում իր որդեգրած քաղաքականությանը:

Փոխվարչապետի հնչեցրած մտքի հետ կապված Tert.am-ը գրություն էր ուղարկել նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերություն և ի պատասխան մեր հարցման, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվելու Ryanair ավիաընկերությանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, նշել էին, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանում գործում է հատուկ սակագնային զեղչ ոչ միայն Ryanair ավիաընկերության, այլ բոլոր ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն միաժամանակ մի քանի նոր (դեռևս չսպասարկված) ուղղություններից և հետագայում կավելացնեն չվերթերի ուղղությունների քանակը և հաճախականությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )