«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը. դրա աշխատանքները տեղում դոփում են:
Այսպիսով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը, որը հենց Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, իր վերջին նիստը հրավիրել էր նախորդ տարի՝ դեկտեմբերի 3-ին, արդեն շուրջ հինգ եւ ավելի ամիս է՝ ընթանում են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ իշխանականները ինչ նպատակի համար փորձում էին այդ զեկույցը ծառայեցնել, այն է՝ ընդդիմադիրներին ճնշելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու, դա չի հաջողվում:
Այդ պատճառով էլ ձգձգվում է զեկույցի հրապարակումը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
