Թրամփը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իրական անունով. The Washington Times
Ամերիկյան The Washington Times-ում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ուղերձը կարող է դառնալ երկրի բարոյական առաջնորդության կարևոր փորձություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Washington Times-ում հրապարակված հոդվածում հեղինակ Ստեֆան Պեչդիմալջին նշում է, որ Իրանի շուրջ հակամարտության սրման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի ամենամյա հայտարարությունը վերածվել է ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության և ռազմավարական հեղինակության փորձության։
Հեղինակը գրում է, որ տասնամյակներ շարունակ ամերիկահայ համայնքը Սպիտակ տնից պահանջել է պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։
Նշվում է, որ Թուրքիան շարունակում է ժխտել այդ իրադարձությունները, իսկ թեև ԱՄՆ Կոնգրեսը 2019 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ 2021-ին եղել է նախագահական ճանաչում, ներկայիս վարչակազմը վերջին շրջանում օգտագործում է «մեծ աղետ» և «պատմական ողբերգություն» ձևակերպումները։
Ըստ հեղինակի՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում ԱՄՆ-ն պայքարում է երկու ճակատով՝ մեկը ֆիզիկական, մյուսը՝ բարոյական։
«Մեր առաջնորդները հաճախ հղում են անում միջազգային նորմերին և մարդու իրավունքներին՝ արդարացնելու ռազմական գործողությունները, սակայն այդ կոչերը համոզիչ չեն հնչում, երբ նույն չափանիշները չեն կիրառվում պատմության փաստերի նկատմամբ»,- նշում է Պեչդիմալջին։
