Թրամփը Բայդենի ընտանիքին մեղադրել է կաշառակերության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում նախկին փոխնախագահ Ջո Բայդենին և նրա ընտանիքի անդամներին մեղադրել է կաշառակերության համար. վերջիններս հերքում են մեղադրանքները:
«Բայդենի ընտանիքը կաշառված է… Քնած Ջոն (Ջո Բայդենը) հայտարարել է, որ ինքը երբեք չի խոսել ուկրաինական ընկերության (Burisma Group) հետ, իսկ հիմա շրջանառվում է մի լուսանկար, որտեղ նա գոլֆ է խաղում ընկերության նախագահի և Հանթերի (իր որդու) հետ»,- նշել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Թրամփը նաև «մեծ տարակուսանք» է հայտնել, որ ինքը ստիպված կլինի 2020 թվականի նախագահական ընտրություններում մրցել Բայդենի հետ, քանի որ վերջինս, նրա խոսքով, չի կարողանա «նույնիսկ մոտենալ ընտրությունների նախաշեմին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ է դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ-ի նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկուն համոզել Ուկրաինայում Բայդենի որդու գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:
The Biden family was PAID OFF, pure and simple! The fake news must stop making excuses for something that is totally inexcusable. Sleepy Joe said he never spoke to the Ukrainian company, and then the picture came out where he was playing golf with the company boss and Hunter…..
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 6, 2019
