Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2805-ի
Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 30 177 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2357 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 99 մարդ, առողջացել է 3555 վարակված: Համավարակի սկզբից երկրում անցկացվել է 889 742 թեստավորում, վարակման դեպքերի ընդհանուր թիվը 110 130 է, հիվանդության հետևանքով մահացել է 2805 մարդ:
Նշվում է, որ ապրիլի 26-ի այս տվյալները երկրում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի օրական ամենացածր ցուցանիշն են վերջին 20 օրվա ընթացքում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 995 152 է, մահացել է 207 008 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
