Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվեց, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոսռիկանությունից։
Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10 հազարական, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։
Դեպքին անռնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։
Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, նրա մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
