Ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ․ Վահան Կոստանյան
Համաշխարհային քաղաքականության համաժողովի (World Policy Conference) շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը։
Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրո Կուլեբան, ինչպես նաև ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ղազախստանի դեսպան Ռոման Վասիլենկոն։
Վարող․ Պարո՛ն Կոստանյան, շատ շնորհակալ եմ, որ կրկին մեզ հետ եք։ Ի՞նչ տեսլականներ կամ կանխատեսումներ ունեք Եվրոպական միության ապագայի վերաբերյալ, և արդյո՞ք այդ ապագան Ձեր տեսանկյունից կարևոր է։ Եթե այո՛, ապա ի՞նչ իմաստով։ Որո՞նք են ձեր սեփական հետաքրքրություններն այդ ապագայում։ Տեսլական ասելով՝ նկատի ունեմ նաև այնպիսի բաներ, որոնք կարող են նրանց ահմար ոչ հաճելի լինել կամ նույնիսկ տհաճ։ Դուք կարող եք անել կանխատեսումներ, որոնք կարող են Ձեզ դուր չգալ, բայց եթե իրատես եք, ապա պետք է նման կանխատեսումներ ձևակերպեք կամ ներկայացնեք։
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ, որ դրական տեսանկյունից ևս ներկայացնեք որոշ դիտարկումներ և առաջարկություններ առ այն, թե ինչու է կարևոր Եվրոպական միության և ձեր տարածաշրջանի կամ երկրի միջև փոխգործակցությունը, և ինչպես կարող ենք ավելի լավ համագործակցել ԵՄ-ի և ձեր երկրի կամ տարածաշրջանի միջև։
Վահան Կոստանյան. Շատ շնորհակալ եմ, հարգելի՛ Թերրի։ Մեծ պատիվ է Համաշխարհային քաղաքականության համաժողովին կրկին մասնակցելը։
Երբ նոր էինք մեկնարկել պանելը, մտածում էի՝ աշխարհում երկու տարի առաջ առհասարակ ինչ իրավիճակ էր։ Այսօր շատ բաներ են փոխվել։ Այս առումով պիտի նշեմ, որ մենք ըստ երևույթին ապրում ենք ոչ սովորական ժամանակներում։ Երկու տարի առաջ ևս ոչ սովորական ժամանակներում էինք ապրում, բայց այսօր իրավիճակն ավելի բարդ է, ինչը նշանակում է, որ ավանդական մոտեցումները միշտ չէ, որ գործում են կամ էլ գործում են առանձին դեպքերում։ Այնպես որ, հիմա մեզ իրապես անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ և քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն:
