Էկվադորի նախագահը հայտարարել է ցույցերի հանգեցրած վիճահարույց հրամանագրի շուտափույթ վերանայման անհրաժեշտության մասին
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Հնդկացիական ժողովուրդների համադաշնության և բողոքի շարժման առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին հրամանագրի շուտափույթ վերանայման անհրաժեշտության մասին, սակայն անտեսել է ցուցարարների պահանջների մեծ մասը, գրում է ria.ru-ն:
«Իմ առաջարկն է պայմաններ ստեղծել երկխոսության համար և ամենակարճ ժամկետներում վերանայել հրամանագրի դրույթները՝ Էկվադորի զարգացմանը նպաստելու համար»,- հայտարարել է Մորենոն:
Հնդկացիական ժողովուրդների համադաշնության պահանջները, մասնավորապես, ներառում են հրամանագրի չեղարկում, ինչպես նաև ուժային կառույցների գործողություններից տուժած բոլոր անձանց փոխհատուցում:
Էկվադորում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, ինչի արդյունքում վառելիքի գինը զգալիորեն բարձրացել է: Հոկտեմբերի 3-ին ակցիաների պատճառով Մորենոն ստիպված է եղել արտակարգ դրություն մտցնել: Հոկտեմբերի 12-ին էլ նախագահը համաձայնել է վերանայել վառելիքի սուբսիդիաների հարցը:
