Զգու՞մ եք տարբերությունը․ Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․
«Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատակով զուգահեռներ տանելով, այսպես կոչված, նախկինների հետ:
Նիկոլի՝ Անկարա կատարած վերջին խայտառակ այցը ևս բացառություն չէ:
Իշխանական քարոզչամեքենան հրամցնում է իր դեռևս հավատարիմ հետևորդներին այն թեզը, որ նախկինում ևս, Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակներով մասնակցել են Թուրքիայի քաղաքական իրադարձություններին, որ «ֆուտբոլային դիվանագիտության» և այլ օրինակները դրա վկայությունն են:
Որտե՞ղ է իշխանությունը կրկին ստում:
Հայ-թուրքական նախկին և ներկայիս գործընթացներն ունեն մի շարք սկզբունքային, ճակատագրական, բարոյական տարբերություններ.
1. Հայ-թուրքական նախկին գործընթացը՝ «ֆուտբոլային դիվանագիտությունը», երկու հավասար կողմերի, երկու հավասար սուբյեկտների հարաբերությունների պրոցես էր, որի «կնքահայրը» միջազգային հանրության խոշոր խաղացողներն էին:
Դրա մասին է վկայում ոչ միայն տեսա- և լուսանկարահանումային քրոնիկոնը, որը լավագույնս է արտահայտում նախկինում և ներկայում եղած դաշտերի «քիմիաների» տարբերությունները, այլ նաև՝ այդ պրոցեսի բովանդակությունը:
2. Հայ-թուրքական նախկին գործընթացի ժամանակ
* Հայաստանը խայտառակ պարտություն չէր կրել:
* Այն չէր վավերացրել նույնքան խայտառակ ընտրությունների արդյունքում «վերընտրելով» պարտության պատճառ Նիկոլ Փաշինյանին:
* Հայ զինվորը կանգնած էր Հորադիզում, ոչ թե՝ Շուռնուխի ճանապարհին:
* Շուշիում Սպարապետի արձանն էր, ոչ թե ադրբեջանա-թուրքական դրոշներ:
* Ալիևը լալահառաչ տեքստեր էր արտաբերում առ այն, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախությունը, ոչ թե «ամնիստիա» առաջարկում։
