Երևանի Կոնդի փողոցում մասամբ փլուզվել է ոչ բնակելի շինություն և թափվել ճանապարհի երթևեկելի հատվածում․ առկա է հետագա փլուզման վտանգ
Ապրիլի 23-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ փլուզվել է ոչ բնակելի շինության արտաքին պատից մոտ 2 քմ հատված և թափվել ճանապարհի երթևեկելի հատվածում. առկա է հետագա փլուզման վտանգ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել թափված քարերը:
