Երակների վարիկոզ լայնացման մասին հուշող ախտանշաններ, որոնք հաճախ վերագրվում են գերհոգնածությանը
Երակների վարիկոզ լայնացման սկզբնական փուլերում հիվանդութնան ախտանիշները հեշտությամբ կարելի է շփոթել հասարակ գերհոգնածության դրսևորումների հետ։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է անոթային վիրաբույժ, ֆլեբոլոգ Արմեն Ավագյանը։
«Ոտքերում ծանրության, հոգնածության զգացումը, թեթև այտուցվածությունը, ինչպես նաև գիշերային ջղաձգումներն այն ախտանշաններ են, որոնցով հիվանդությունն ախտորոշվում է վաղ փուլերում»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ այս ազդակներին մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում, իսկ մասնագետին դիմում են միայն այն ժամանակ, երբ լայնացած երակները նկատելի են դառնում մաշկի տակ։
Ինչպես հիշեցրել է մասնագետը, վարիկոզի ախտանշանների սրմանը կամ դրա զարգացմանը կարող է նպաստել նստակյաց կամ կանգնած աշխատանքը, ինչպես նաև ցանկացած ստատիկ վիճակը, որի դեպքում ստորին վերջույթների երակային համակարգի աշխատանքը դժվարանում է։
Բացի այդ, ռիսկային խմբում են նաև ավելորդ քաշ ունեցողները, սխալ սննդակարգով սնվողներն ու չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվողները: Հիվանդության զարգացմանն են նպաստում նաև մեծ ծանրություն կրելու հետ կապված աշխատանքներն ու հաճախ անհարմար կոշիկ կրելը։
