«Ես հերոս չեմ, ես ուղղակի չեմ փախել»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը՝ խրամատի, փախուստների ու չմարսված ցավի մասին.Գոռ Հովհաննիսյան
Գիշերվա կեսին հարձակում էր մեր խրամատի վրա։ Դե տենց սկզբի համար թեթև հարձակում էր։ Ծիպը մենք կրակեցինք, իրանք կրակեցինք ու մի ժամվա մեջ ամեն ինչ թեթևացավ։
Հիմա ձեզ կպատմեմ դեպքեր ու կկիսվեմ կարծիքով, որոնց հետևանքով լիքը մարդ կնեղանա ու հետս կվիճի։ Բայց ես հավես չեմ ունենալու էդ վեճը շարունակելու, էներգիա չունեմ հակառակն ապացուցելու համար։ Սա զուտ իմ տեսանկյունից է գրված։ Հանգիստ կարող եք հետս չհամաձայնել։
Մի մեծ խնդիր ունեինք` մեր համարյա մեկ կիլոմետր երկարությամբ խրամատում ընդամենը 6 հոգի մարդ կար։ Իմ հաշվարկով պիտի լիներ գոնե 30 մարդ, բայց կար 6 հոգի մարդ։ Դրա մասին մի քիչ պատմեմ, բայց ավելի մանրամասն հետո` մի ուրիշ առիթով կգրեմ։
Կարճ ասած գրեթե բոլորը փախել էին։ Ընդդիմադիրները կմեղադրեն հիմիկվա կառավարությանը, իշխանամետների թիմը կմեղադրի չգիտեմ ում։ Դա ինձ ընդհանրապես չի վերաբերվում։ Բայց ես իմ հերթին կմեղադրեմ մեր հետ նույն թիմում` էդ պահին նույն խրամատներում կանգնած իբր տղամարդկանց։ Նրանց, ովքեր դուխով տղամարդ անունը կրելով եկան առաջնագիծ ու թաքցնելով իրենց իրական էությունը` շուտով փախան այնտեղից։
Ինչու՞ եմ գրում հենց` իբր տղամարդկանց, որովհետև տղեն չպիտի մենակ թողնի իր զինակիցներին խրամատներում, չպիտի իր ընտանիքի ու թիկունքում հանգիստ քնած Քույրերի ու Մայրերի անվտանգության հարցը թողնի մնացածի վրա ու փախնի անհայտ ուղղությամբ` թեկուզ մահվան սպառնալիքների տակ։ Կամ էլ միգուցե մեր տղամարդիկ սովոր չէին խրամատում քնելուն, սովոր չէին մի քիչ սոված մնալուն, սովոր չէին պատերազմի ժամանակ մեռնելու վտանգից բացի մնացած զրկանքներին …
Եսի՞մ։
Ու մեր դեպքում հենց դա էր անչափ ցավոտ իրականությունը։ Կոնկրետ իմ հետ նույն գծում որպես կամավոր եկած տղերքի բացառապես 70%ը փախան դեռ մի մագազին պատրոն անգամ չկրակած։
Փախան դեռ թուրքի երես չտեսած։ Ու եթե ես հիմա հիշեմ, թե ամբողջ պատերազմի ժամանակ ինձ ի՞նչը ամենաշատ ցավը պատճառեց` հենց էդ փախուստների փաստն էր։
Դա էնպիսի մեծ քանակ էր, որ մնացածներից շատերը` նստած արցունքների ու փշրվելու միջով անցնելով, գիշերները մարդկանց հերթափոխի պակասի հետևանքով չքնելու պատճառով չէինք կարողանում մարսել էդ անտանելի իրականությունը։ Ու սպասում էինք նորանոր լրացումների, որպեսզի գոնե գիշերվա ընթացքում երեք ժամ քնենք։ Բայց էդ լրացումներն այդպես էլ տեղ չհասան։
Ես էդ ամբողջ ընթացքում երեք անգամ եմ արցունքի իրավունք տվել ինձ, որոնցից մեկը` երբ իմացա, որ ընկերս` Անուշավան Աղեկյանը ծանր վիրավոր վիրահատություն է տանում, երկրորդը` երբ մի պահ ինձ թվում էր, որ այլևս ծնողներիս, կնոջս ու երեխաներիս դեմքը չեմ տեսնելու, երրորդն էլ` երբ հասկացա, որ ինձ հետ եկած երեսուն հոգուց որպես մինիմում քսանը փախան` քրֆելով էս հայրենիքի մերն էլ, պետության մերն էլ ու ձեռքի հետ ամեն ինչի մերն էլ։
Բայց փախածների կողմից էդ քրֆածները էն ամեն ինչին էր վերաբերվում, որի համար մենք գնացել էինք կռվելու, հաղթելու, մեռնելու…
Էդ էն ամեն ինչն էր, որի համար նաև արժի հիմա ապրել։
Ու եթե ենթադրենք, որ վախը և մահվան սարսափը ստիպեցին փախնողներին մի պահ կորցնել տղամարդկությունը, ապա ինչ-որ մի տեղ կարելի էր հասկանալ։ Բայց էդ տղամարդիկ փախան զուտ մի քանի գմփոցների ու վիրավորների տեսարաններից։ Այսինքն պատերազմը դեռ մի նորմալ` չսկսած փախան, հետ եկան տուն ու շատերը պատմեցին ինչ-որ տեղի չունեցած հերոսությունների մասին։
Ես հիմա ինձ չեմ հերոսացնում, որովհետև ես չեմ փախել։ Չէ, ես իրոք հերոս չեմ։ Էս կռիվն ունի իսկական հերոսներ ու ես էդ տղերքի, էդ հերոսների կողքին կանգնելու տեղ էլ չունեմ։ Ես ուղղակի չեմ փախել։ Չփախնելն ու հերոս համարվելը լրիվ տարբեր բաներ են։ Ես իսկապես հերոս չեմ։ Ես զուտ շարքային զինվոր եմ` հազարավոր չփախնող ուրիշ ոչ հերոս զինվորների նման։
Հիմա շատ ավելի ուժեղ պիտի ինձ ու ձեզ ցավեցնեմ ու ասեմ, որ իմ կողմից այդքան ատելի թշնամին էլ պակաս զոհեր չտվեց։ Բայց էն ժամանակ, երբ դեռ պատերազմը նորմալ չէր էլ սկսվել, երբ դեռ ուժեղ ու թույլ կողմերը չէին որոշվել` մերոնցից լիքը մարդիկ մի փամփուշտ անգամ չկրակած փախնում էին, իսկ իրենք հարձակվում էին։ Հասկանու՞մ եք, որ իրենք չէին փախնում։
Իսկ հարձակվող կողմը միշտ մոտավորապես քառակի անգամ ավել զոհեր է տալիս։ Դա պատերազմի մաթեմատիկան է` անհերքելի ու դաժան մաթեմատիկան։ Որքան էլ ալիյէվը թաքցնի զոհերի քանակը, նրանց կողմից դիակները դաշտերում լցված էին։ Ես, իհարկե չեմ ասում, որ դաշտերում մեռնելն ու փտելը դա վեհ գործ է։ Բայց երբ մարշրուտկի մեջ կամ փողոցում ինչ-որ թյուրիմացության պատճառով իրար դանակահարելու հետևանքով մարդիկ ուժեղ տղա են խաղում ` պատերազմի դաշտում չպիտի փախչեն։ Որովհետև դու կռվի ես գնացել քո ընտանիքի` քո սրբության համար։ Հենց էն սրբության համար, որին քրֆելու համար դու մարշրուտկում ու փողոցում պատրաստ ես հայրենակցիդ կոկորդը դանակով ծակել։ Կամ միգուց ես սխալ եմ հասկանում։ Միգուցե քուչում ծնող քրֆողին կարելի է սպանել։ Բայց նրանից, ով գալիս է քո տունը ու քո մոր տունը գրավելու` կարող ե փախչել ու հազարներով պատճառներ բերել։ Էդ թվում նաև որ Արցախը մերը չէր։ Էդ նույն լոգիկայով միգուցե Գյումրին էլ մերը չի, Սյունիքն էլ մերը չի, Երևանի կենտրոնն էլ մերը չի։
Ցավացրեցի՞ն էս տողերը փախնողերի սրտերը։ Իմ սիրտն էլ մինչև հիմա ցավում է։ Որովհետև ես տեսնում եմ վարձով մնացող իմ արցախցի հայրենակիցներին։ Իսկ ես ծնունդով Էջմիածնից եմ։ Բայց Արցախը իմն է։
Երևի կամավոր գրանցված ու առաջնագիծը պահելու անչափ պատասխանատու գործը վերցրած տղամարդկանց մեծ մասը կարծում էին, թե սա լինելու է հերթական քառօրյան, երբ լիքը գլուխգովաններ եկան, զինվորի պայոկը կերան-խմեցին ու հերոսի անունը կպցրած հետ գնացին։ Բայց երբ պատերազմը ձգվեց մեկ շաբաթից ավել` էդ տղամարդկանց զգալի մասի իրական պատկերն արդեն լրիվ տեսանելի դարձավ։ Ու դա ցավոտ էր։ Չեք պատկերացնի, թե ինչքան ցավոտ էր։
Երբ խրամատում կանգնած նայում ես մեծաքանակ զորքի ինքնուրույն նահանջը …
Ավելի ճիշտ փախուստը…
Երբ մտածում ես, թե խի՞ այ ախպեր։ Էս ու՞ր եք գնում։ Բա ո՞վ է ձեր փոխարեն պահելու էս հողը։ Բա հետևում մնացած ժողովուրդը ու՞մ հույսին են։ Էդ պահին ակամայից հիշում ես Նժդեհի էն խոսքերը, որտեղ ասվում է, որ մեր ազգի իրական անկումը սկսվեց էն ժամանակ, երբ հայ մարդը սկսեց վախենալ մահվանից։
Ու միգուցե առանց էդ փախուստների էլ մենք պարտվելու էինք։ Բայց, ախպեր, եկեք ես պարտվեմ տղամարդավարի։ Եկեք ես իմանամ, որ թեկուզ մի քիչ կռվել ու նոր եմ նահանջել ու իմ քույրերին թողել իրենց իսկ հույսին։ Ես մինչև հիմա ինքս ինձ չեմ ներում որոշ պահերին վախի պատճառով չարած ինչ-ինչ բաների համար։ Մինչև հիմա երազիս են գալիս իմ սխալները։ Մինչև հիմա երազիս են գալիս Գանձասարը, Շուշին, Դադիվանքը …
Ես գիտեմ, որ հիմա ներքևում քոմենթների տեսքով կիլոմետրներով կռիվ ու մեղադրանքներ են գնալու։ Ինձ էլ են հաստատ քրֆելու ու ներառելու։ Գիտեմ, որ հրամանատարության կողմից լիքը բացթողումներ կան ու դրանք էլ հետո պատճառ հանդիսացան պարտության։ Բայց դա հետո եղավ։
Սա առաջին օրերի մասին եմ գրում։ Ու գրելով նաև համեմատում եմ մի քանի սերունդ առաջ տեղի ունեցած առաջին Արցախյան պատերազմի հետ։ Երբ մենք չունենալով թե քանակական, թե տեխնիկական առավելություն` կռվելով Ադրբեջանի ու նաև ռուսական զինված ուժերի դեմ` ազատագրեցինք մեր հողերն ու հարազատներին։ Որովհետև ունեինք հավատ, հույս ու եղբայրություն։ Ունեինք այն, ինչը ես ավաղ չտեսա 2020-ին, որովհետև դրա փոխարեն լցված էր ձևականություն, սոց ցանցերում սելֆիներ անելու ու գնանք բաքվում ալիյէվի կգնան դոմփենք արտահայտություններ։
Ես երևի շատ կիսվեցի իմ անցյալի ցավերով ու հիշողություններով։ Ու մի մասդ էլ, երևի դրան չեք հավատում։ Բայց ձեզ հերոսությունների մասին պատմած մարդկանց որպես մինիմում կեսը հորինված են, կամ էլ կինոներից վերցրած։ Առաջին երկու շաբաթվա ընթացքում, առաջին իսկ հրետակոծություններից փախած մարդկանց քանակը անհավանական շատ էր։
Իսկական հերոսները դրա մասին չեն խոսում։ Իսկական հերոսներից շատերը կենդանի էլ չեն մնացել։
Ու ես էլ հերոս չեմ։ Ես ուղղակի զինվոր եմ, ով բախտ է ունեցել կենդանի մնալ։ Ու քանի դեռ ինքս իմ մեջ քաջություն եմ գտել կիսվել ձեզ հետ` կարդացեք։ Որովհետև նրանք, ովքեր քաջություն չունեն սեփական սխալներն ընդունելու` շանս չունեն ավելի լավն ու ավելի ուժեղ դառնալու։ Ես իմ սխալները լավ գիտեմ։ Ես դրանց մասին արդեն իսկ բարձրաձայնեցի։
Իսկ հիմա հետ դառնամ իմ պատմությանը։ Գիշերվա կեսին հարձակում էր մեր խրամատի վրա։ Դե տենց սկզբի համար թեթև հարձակում էր։ Ծիպը մենք կրակեցինք, իրանք կրակեցինք ու մի ժամվա մեջ ամեն ինչ թեթևացավ։ Քնահարամ ու անջատվելու աստիճան հոգնած նստած եմ, լսում եմ հեռվում` մեր պատմական Գանձակի ուղղությամբ հարվածող մեր հրետանու ձայները։ Դե քանի որ պատերազմի սկիզբն էր` մենք դեռ հրետանի ունեինք։ Դեռ տեխնիկա կար, դեռ կար թիկունք…
Նստած եմ իբր հանգիստ պայմաններում ու հանկարծ ուղիղ գլխիս վերևում մի քանի անծանոթ ու տարօրինակ պտտոցներ լսեցի։ Նման էր մանկության այն ձայնին, երբ պարսատիկով (ռագատկով) կրակում են քո ուղղությամբ, բայց կպնում են կողքիդ պատին։ Ոնց որ թե կրակոցի ձայներ չկային, բայց իմ ուղղությամբ հողի մեջ ինչ-որ բաներ են խրվում ու երեք հատ անծանոթ պտտոց լսեցի։ Հնարավորա, որ գլուշիծելով են կրակում, մտածեցի ես ու պառկեցի գետնին։ Փաստորեն գիշերային հարձակում էր մեր խրամատի ուղղությամբ։ Պրիտոմ, հաշվի առնելով, որ խլացուցիչով (գլուշիծելով) էին կրակում` սովորական հարձակում չէր։
Էդ պահին պիտի կողքս մարդ լիներ` երկրորդ մարդ գոնե, որ քչից շատից հանգիստ լինեի։ Բայց էդ երկրորդ մարդը չկար։ Ավելի ճիշտ կար` վախից թաքնված էր բլինդաժում։ Էդ խեղճ տղու անունը չեմ տա, չնայած որ շատ էր վախենում, բայց չէր փախել։ Ամեն դեպքում չէր փախել …
Խրամատի հերթապահությունը բաժանել էինք երկու մասի` զույգերով էինք։ Մի զույգը ես ու էդ վախեցած տղեն էինք, երկրորդ զույգն էլի նույն տիպի պատմություն ուներ։ Ուղղակի էդ դեպքում երկրորդ զույգի մյուսը ոչ թե վախեցած էր, այլ աղանդավոր։ Էդ աղանդավոր տղեն, որը ի տարբերություն մյուսների էլի չէր փախել, միևնույնն է, հայտարարել էր, որ չի կրակելու։ Որովհետև իր կրոնը թույլ չի տալիս։
Հիմա կմտածեք, թե էս ի՞նչ կինո եմ հորինում։ Ես էս ամենը գրում եմ ու կիսվում եմ հասկանալով, որ ամենայն հավանականությամբ չեք հավատալու։ Բայց մի բան հաստատ իմացեք` բլինդաժում հրետակոծության վախից կուչ եկած տղեն էլ, աղանդավոր տղեն էլ էդ պահին մեր կողքին էին։ Իսկ փախածները չկային։
Ու դա շատ ցավոտ էր։ Ցավոտ էր, որ մեր կողքին էդ պահին չկային անհրաժեշտ քանակի զինվորներ։ Բայց մի հարցում բախտներս բերել էր։ Փախնողները թողել էին անհրաժեշտ քանակի նռնակներ (գռանատներ), որոնք առանց երկար բարակ մտածելու նետեցինք խլացուցիչներով կրակողների ուղղությամբ։ Բայց այդքանով էդ օրվա հարձակումը չվերջացավ։
Ու հիմա էլ իմ համար էս պատերազմը դեռ չի վերջացել։ Ձեզ համար էլ միգուցե դեռ չի վերջացել ամենայն հավանականությամբ։ Դեռ խաղաղություն կնքված չի։ Ես դեռ ամեն օր երազում եմ ավելի լավ ժամանակների մասին ու միաժամանակ պատրաստվում հնարավոր հարձակման։
Իսկ ես` իմ անվանակից Գոռ Հարությունյան ի կողմից փոխանցված ոգևորությամբ մտածում եմ գիրք գրել դրա մասին։ Ուզում եմ կիսվել էն պատերազմի մասին, որին մասնակցել եմ երկրորդ օրվանից ու երեսուն երեք օր անձամբ ներկա եմ եղել։ Որի ժամանակ հիացել եմ շատերի հերոսությամբ ու զզվելի շատ ուրիշների զզվելի ու անտանելի վախկոտություներից։ Ու էդ գրքում ներառելու եմ ոչ միայն իմ դեպքերը, այլ նաև ինձ հանդիպած շատ ուրիշ զինվորների հիշարժան պատմությունները։
Արժի՞: Պատրա՞ստ ենք արդյոք մենք մեր իսկ սխալներն ու թուլությունները ընդունելուն. պատրա՞ստ ենք արդյոք մենք մեկ ուրիշներին չմեղադրելուն։ Որովհետև ցավոտ է լինելու։ Ես շատ երկար ժամանակ պատրաստ չէի։ Հիմա էլ համոզված չեմ։
Միաժամանակ ներողություն եմ խնդրում էս ամենը 6 տարի հետո գրելու համար։ Դեռ կան պահեր, որոնք կիսվելու համար ես ինքս ինձ մեջ ամեն ինչ բավարար չեմ մարսել։ Բայց երևի թե մեկը պիտի բարձրաձայնի, որպեսզի հետո թեկուզ կես տոկոս շանս ունենանք նույն խլինքի ու մեծամիտ վախկոտի դերում չլինել։
