Դատարանը կրկին կալանավորել է Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է վարչապետ Աշոտ Փաշինյանի որդու առևանգման փորձի մեջ մեղադրվող մահացած զինվորականի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանքից ազատ արձակել և կրկին կալանավորել մեկ ամիս 15 օր ժամկետով։ Վճիռը հրապարակեց դատավոր Մանվել Շահվերդյանը։
Այսօր, ավելի վաղ, դատարանը նրա խափանման միջոցը կալանքից փոխել էր տնային կալանքի, սակայն վկաների, այդ թվում՝ կրտսեր Փաշինյանի ցուցմունքներից հետո, մտափոխվել է և փոփոխել վճիռը։ Վարչապետի որդին քննադատել էր Հակոբյանին կալանքից ազատելու և տնային կալանքի ենթարկելու դատարանի որոշումը։ Փաշինյան կրտսերի խոսքով՝ այնպիսի ծանր հանցագործության համար, ինչպիսին է առևանգումը, տնային կալանքը չափազանց մեղմ խափանման միջոց է։
Armenia Today-ի հետ զրույցում Գայանե Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ իրենց դեռևս չի տրամադրվել դատարանի որոշումը և այս պահին չի կարող տեղեկացնել, թե ինչն է հիմք հանդիսացել նման վճռի համար։ Մայիսի 17-ին Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու դեպքի առթիվ։
Գործով մեղադրյալը մահացած զինծառայող Ժորա Մարտիրոսյանի (Հակոբյան) մայրն էր, ով մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժը ութ տարի ազատազրկումն է։ Մայիսի 20-ին դատարանը կալանավորել էր Հակոբյանին։
