Գյումրու թիվ 2 պոլիկլինիկան կհիմնանորոգվի․ մեկնարկը՝ առաջիկայում
Շուտով կմեկնարկեն «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի» շենքի հիմնանորոգման աշխատանքները, կազմակերպվում է պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված բժշկական հաստատությունների ժամանակավոր տեղափոխման հարցը
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, նախարարության ու մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ այցելեցինք Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի մասնաշենք, որի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկայում։
Շուրջ 24 հազար բնակչի սպասարկող թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1930-ականներին և ընդգրկվել է առողջապահական հաստատությունների արդիականացման ծրագրում։ Վերակառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 450 մլն դրամ։ Կապալառու կազմակերպության մրցույթն անցկացվել է, շինարարը հայտնի է։
Պատասխանատուները այցի ընթացքում քննարկել են թիվ 2 պոլիկլինիկան, Շտապօգնության Գյումրու կայանն ու Արյան բանկը այլ մասնաշենքեր տեղափոխելուն առնչվող հարցեր։ Խնդրի լուծման նպատակով այժմ վերանորոգվում է նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը։
Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումն ինձ համար առաջնային կարևորության ծրագրերից է, արդյունքում մենք կունենանք բացառիկ հնարավորություններով ու հագեցվածությամբ բժշկական հաստատություն։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վերակառուցման ընթացքում պոլիկլինիկայի մասնաշենքում տեղակայված երեք բժշկական հաստատությունների գործունեությունը կազմակերպվի անխոչընդոտ:
