Գյումրիում անցկացված ԵԿՄ համաժողովի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավարը

Այսօր Գյումրու թիվ 21 դպրոցում անցկացված ԵԿՄ համաժողովը դժբախտ դեպքով է ավարտվել: Հանդիպման միջնամասում մահացել է Երկրապահ Կամավորական միության վարչության աշխատակազմի ղեկավար Համբարձում Գեւորգի Ասատրյանը: Ինչու՞ է համաժողովը Գյումրիում անցկացվել: ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց` կա նման պրակտիկա եւ ԵԿՄ համագումարից հետո միշտ էլ մարզային հանդիպումներ կազմակերպվում են:

«Մարզային ժողովներ են, մարզային խորհրդի նախագահների վերանշանակումներ են, քանի որ նոր ղեկավարություն է, նոր ծանոթության հնարավորություն է մարզային ժողովները: Դրանք միշտ էլ լինում են համագումարից հետո: Այսօր էլ նման մի համաժողով Գյումրիում էր կազմակերպված, մարզային նախագահների մնալ-չմնալու, նշանակվել-չնշանակվելու հարցերն էին քննարկվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, մահացած Համբարձում Ասատրյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց այսօր սեփական մեքենայով էր Գյումրի եկել, մեքենան անձամբ է վարել, նրա հետ Գյումրի նույն մեքենայով նաեւ լրագրողներ էին եկել:

«Պայքարեց մինչեւ վերջ, մեզի ոչ մի բան չասեց, ոչ մի բան: Մինչեւ վերջին վայրկյանը ցույց չտվեց, որ լավ չէ: Համարյա հանդիպման ավարտն էր: Բայց հլը չէր վերջացել միջոցառումը: Մի պահ լավ չէր զգում, ես հարցրեցի` եթե լավ չես զգում, շտապօգնություն կանչեմ: Ասեց` չէ: Դեղ եմ խմել, լավ եմ զգում արդեն, նորմալ եմ: Ախր հաղորդավարն էլ էր ինքը, այսինքն, հանդիպումն ինքն էր կազմակերպել, ինքն էլ անցկացնում էր, մարդկանց բեմ էր հրավիրում, ներկայացնում: Նորմալ եկել, հասել է Գյումրի, սրճել ենք, խոսել ենք իրար հետ: Երեւի ամենավերջին խոսողն էլ հետը ես էի, որ ասեցի` կանչեմ շտապօգնություն, ասեց` չէ, Յուրա ջան, լավ եմ: Ու ելավ գնաց, ու … »,- դժվարացավ ասելիքը շարունակել ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Համբարձում Ասատրյանին թիվ 21 դպրոցից շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Վերջինս, սակայն, արդեն մահացած է եղել:

Համբարձում Ասատրյանը 61 տարեկան էր, ծնունդով Արտաշատից: Մահվան պատճառն այս պահին դեռ պարզ չէ: Ամեն ինչ կհստակեցվի դիահերձումից հետո:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )