Գազի գնի հարցում որոշումը կլինի այնպես, ինչպես վայել է ռազմավարական դաշնակիցներին․ Նիկոլ Փաշինյան․ «Կոմերսանտ» մաս 3-րդ

-Կուզենայի հետաքրքրվել Հարավ-Կովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Վերջերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամ կերպով խզել Հայաստանի երկաթուղիների կառավարման պայմանագիրը։ Հետո այն հերքվեց։ Ինչ է տեղի ունենում այնտեղ։

-Հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-նեում։ Սա զուտ տնտեսական հարց է, հարց որը կապված է ներդրումների արդյունավետության հետ։ Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ եւ ունենք նախնական պայմանավորվածություն, որ կաշխատենք, որպեսզի Հայաստանում Հարավ-Կովկասյան երկաթուղիների ներդրումները լինեն ավելի արդյունավետ։ Այս հարցը մենք քննարկում ենք եւ Ռուսական երկաթուղիների եւ Հարավ-Կովկասյան երկաթուղիների հետ։ Չեմ ուզում ասել, թե վստահաբար համաձայնության կգանք, սակայն գրեթե վստահ եմ, որ համաձայնության կգանք։

-Այսինքն՝ չկա՞ վտանգ, որ պայմանագիրը վաղաժամ կխզվի։

-Չեմ տեսնում որեւէ պատճառ դրա համար։ Հայաստանը դա չի ուզում։ Ռուսաստանն էլ դա չի ուզում։ Ինչու պետք է դա տեղի ունենա։

-Գազի գինը եւս մեկ պրոբլեմատիկ հարց է։ Ինչն է խանգարում պայմանավորվել։ Բոլորը սպասում են, որ գինը կթանկանա, սակայն հարցը միայն այն է, թե երբ՝ ձմռանը, թե գարնանը։

-Նորմալ խոսակցություն է ընթանում այս ուղղությամբ։ Սա խոսակցություն է երկու ռազմավարական դաշնակիցների միջեւ եւ այն կբերի կոնկրետ արդյունքների։ Ես դրանում վստահ եմ։ Այժմ մենք, Հայաստանում, ունենք լավ տնտեսական դինամիկա։ Սա մեզ համար կարեւոր է, ոչ միայն գազի գնի, այլ նաեւ տնտեսական զարգացման առումով։

-Որ գինը կխաթարի այդ դինամիկան։

-Դա արդեն հաշվարկների հետ է կապված եւ մենք հիմա դրանով ենք զբաղվում։ Որոշումը կլինի դաշնակցային։ Այլ կերպ չի էլ կարող լինել եւ չպետք է լինի։

-Երբ կլինի համաձայնեցումը։

-Մեզ մոտ արդեն մեկ տարի ներքին գները չեն փոխվել։

-Սակայն գնումը թանկացել է, չէ։

-Սա այլ հարց է։ Սա մեծ կարեւորություն չունի Հայաստանի ներքին սպառողի համար։ Մեզ համար կարեւոր է, որ «Գազպրոմ-Արմենիայի» գործերը կարգին լինեն։ Եվ դա էլ կարծում եմ տնտեսական հարց է, իր տեսակի մեջ։ Մենք այնպիսի բանաձեւեր պետք է մշակենք, որ «Գազպրոմ-Արմենիայի» գործունեությունն էլ լինի արդյունավետ եւ գազի գինն էլ լինի արդյունավետ։

– Դուք բանակցում եք, որպեսզի չթանկանա առհասարակ, թե թանկացումը լինի աննշան։

-Ում համար։

-Գնման գնի մասին է խոսքը՝ Հայաստանի համար։

-Խոսքը այն մասին է, որ գինը լինի ձեռնտու Հայաստանի տնտեսության համար, որպեսզի չխաթարվի այն աճն ու տեմպը, որը կա այսօր տնտեսական դինամիկայում։

-Այժմյան գինը՝ 165 դոլար 1000 խմ համար ձեռնտու գին է։ Այն չի խանգարում դինամիկային։

-Կարելի է, ես կոնկրետ թվերի մասին չխոսեմ։ Կարեւորը բովանդակությունն է եւ ոչ թե թվերը։ Բովանդակային մասով ես ասացի, թե որն է նպատակը։ Կարծում եմ, որ դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, այլ դա պետք է լինի նաեւ Ռուսաստանի նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵԱՏՄ մասին ու մենք ունենք միասնական տնտեսական տարածք։ Երբ Ռուսաստանում ի հայտ են գալիս տնտեսական խնդիրներ, դա մեզ շատ անհանգստացնում է։ Կարծում եմ նման մոտեցում կա նաեւ մեր ռուս գործընկերների մոտ՝ նախագահի ու վարչապետի։ Մենք կլուծենք այդ հարցը։