Բելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկով
Բելգիայի Սինտ-Գիլիս-բեյ-Դենդերմոնդում վերանորոգման ընթացքում աշխատողները նկուղի պատի մեջ գտել են չհրկիզվող պահարան՝ ոսկու բեկորներով, մետաղադրամներով ու ձուլակտորներով՝ շուրջ 9 միլիոն եվրո նախնական գնահատմամբ։ Այս մասին հայտնել է RTL-ն՝ հղում անելով Արևելյան Ֆլանդրիայի դատախազությանը։
Գանձը հայտնաբերել են De Brand-ի աշխատակիցները, որոնք վերանորոգում էին Արևելյան Ֆլանդրիայի ընդհանուր սոցիալական օգնության կենտրոնի (CAW) շենքը։ Պատը քանդելիս նրանք գտել են պահարանը և անմիջապես հայտնել պատվիրատուին։
Ոսկին ոստիկանությունը տեղափոխել է անվտանգ վայր, իսկ դատախազությունը պարզում է դրա ծագումն ու օրինական տիրոջը, մինչ այժմ ոչ ոք չի դիմել։ Եթե սեփականատերը չգտնվի և ոսկին հասնի սոցիալական կենտրոնին, այնտեղ կցանկանան այն օգտագործել անօթևանների համար լրացուցիչ կացարաններ ստեղծելու համար, սակայն մնում է հարցը՝ արդյո՞ք իրենց բաժինը կստանան աշխատողները։
