Արմավիր քաղաքում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրան ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։ Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։
Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ավտոմեքենայի հարվածի ձայն լսեցինք։ Մեկ էլ տեսնենք՝ մի քանի հոգի հավաքվեցին ու սկսեցին իրար տալ։ Է՛լ հայհոյանքներ էին հնչեցնում, է՛լ իրար էին խփում։ Մտածեցինք՝ հեսա ստեղից դիեր ա, որ տանելու են։ Բայց լավ էր, մի քանի րոպեում Արմավիրի ոստիկաններն եկան, դրանց սաղին փռին ասֆալտին ու տարան։
