Արկադի Կիրակոսյանը հարցադրում է բարձրացրել Գյումրու քաղաքապետարանի կադրային նշանակման վերաբերյալ

Արկադի Կիրակոսյանը հրապարակային հարցադրում է ուղղել Գյումրու քաղաքապետարանին՝ հետաքրքրվելով, թե ինչ իրավական հիմքով է Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Ղարիբյանը նշանակվել բաժնի պետի պարտականությունները կատարող։

Կիրակոսյանը նշում է, որ նույն բաժնում առկա է համայնքային ծառայության մրցութային կարգով պաշտոն զբաղեցնող, դասային աստիճան ունեցող գլխավոր մասնագետ, և հետաքրքրվում է, թե ինչ չափանիշներով ու իրավական հիմնավորումներով է կայացվել տվյալ նշանակումը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել, արդյոք որոշումը համապատասխանում է համայնքային ծառայության վերաբերյալ գործող օրենսդրության պահանջներին, կադրային քաղաքականության սկզբունքներին և հավասար հնարավորությունների ապահովման չափանիշներին։

«Հանրության համար կարևոր է հասկանալ, թե նման նշանակումների դեպքում ինչ չափորոշիչներ են կիրառվում և որքանով են պահպանվում թափանցիկության, մասնագիտական առաջխաղացման և իրավահավասարության սկզբունքները»,– նշել է Արկադի Կիրակոսյանը։

Վերջինս նաև կոչ է արել Գյումրի համայնքի ավագանու անդամներին արձագանքել բարձրացված հարցին և ներկայացնել իրենց դիրքորոշումը։

Քաղաքապետարանի պաշտոնական պարզաբանումը ստանալուն պես այն կներկայացնենք ընթերցողներին։

Share This