Արդյոք Փաշինյանը խորքային փոփոխություններ կիրականացնի իր թիմում հանրաքվեից հետո

Օրեր առաջ մամուլով լուրեր տարածվեցին, որ իշխանության ներսում առաջիկա հանրաքվեի համար կես միլիոն ձայն հավաքելու խնդիր է դրվել իշխանական թիմի ներկայացուցիչների առաջ․ ընդ որում, տապալման դեպքում նախազգուշացում է եղել, որ բոլորն իրենց մաշկի վրա տապալման հետեւանքները զգալու են։ Դատելով հանրաքվեի «Այո»-ի քարոզչության հանդեպ իշխանական թիմի ներկայացուցիչների եռանդից եւ նաեւ հաշվի առնելով, որ ընտրվել է քարոզչության ցանցային տարբերակը, այսինքն ամեն մի քարոզիչը իր թիմն է ունենալու, կարելի է որոշակի համոզվածությամբ ասել, որ այս թեզը այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Ավելին ապրիլհինգյան հանրաքվեն կարող է իշխանական ճամբարում որոշակի ստուգատեսի առիթ դառնա, ու արդեն կայացվեն որոշումներ, թե ապագայում ով է շարունակելու քայլել թիմի հետ, ով դուրս է գալու։ Պարզ ասած, գործող վարչապետը որոշել է որոշակի զտումներ սկսել իր թիմում, աստվածաշնչյան հայտնի առակի նման մաքուր ցորենն ու որոմը զատզատել /հատուկ Նիկոլ Փաշինյանի ճաշակին տուրք տալով օրինակը բերեցինք քրիստոնեական Սուրբ Գրքից/։ Իրականում, եթե նման բան արվի, ապա կարելի կլինի արձանագրել, որ Փաշինյանը բավական խելացի եւ ինչ որ առումով նաեւ՝ շախմատային քայլ է մշակել, որը ըստ ամենայնի անհրաժեշտությունից դրդված քայլ է իրականում լինելու, քանի որ ինքն էլ հասկանում է, որ գաղափարական առումով դատարկ տեղի վրա, շահերի փոխհամատեղման եւ այլ հանգամանքներով պայմանավորված խայտաբղետ թիմը երբեմն երբեմն «փչանալու» ախտանշաններ է ցույց տալիս։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )