Աստղիկ Սաֆարյանը փնտրում է Հայաստանում եւ արտերկրում ապրող տաղանդների․ երգչուհին՝ իր նոր մտահաղացման մասին
Աստղիկ Սաֆարյանն, իր երաժշտական գործունեությանը զուգահեռ, որոշել է հիմնել իր գործակալությունը, որը զբաղվելու է Հայաստանում եւ արտերկրում տաղանդավոր մարդկանց «փնտրտուքով»։ Քասթինգն արդեն սկսված է, իսկ նախաձեռնության առաջին մանրանասներով երգչուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ։
Աստղիկի խոսքով՝ փորձելու են փնտրել ու գտնել տաղանդների՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով դեպի հեռուստատեսություն եւ մեծ նախագծեր։

«Միշտ ունեցել եմ ցանկություն լինել օգտակար նրանով, ինչով կարող եմ, ու օգնել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Այսօր իմ 16-17 տարիների փորձով կարող եմ իրականացնել ցանկությունս, որն, ըստ էության, նաեւ ազգօգուտ գործ է։ Իսկ գաղափարն ինձ մոտ հաստատվեց այն ժամանակ, երբ հրավիրված էի մոդելինգային քասթինգի՝ որպես ժյուրի մասնակցելու։ Երբ քննում էի մասնակիցներին, հասկացա, որ նրանք մասնակցում են մոդելային նախագծի, բայց ունեն շատ այլ ուրիշ տաղանդներ, որոնց մասին անգամ իրենք տեղյակ չէին»,-պատմում է երգչուհին՝ հավելելով,-«Կան տաղանդավորներ, որոնք իրոք շնորհալի են, բայց անգամ չգիտեն՝ որտեղից է պետք սկսել իրենց գործունեությունը, ինչի արդյունքում մարում են իրենց ներսի տաղանդը։ Իսկ մենք պատրաստ ենք աջակցել եւ ստեղծել իրենց համար համապատասխան հնարավորություններ»։
