Ասպիրինի ընդունումը նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը

Լոնդոնի  համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ասպիրինի ամենօրյա ընդունումը  կարող է նվազեցնել ստամոքսի ու աղիների  քաղցկեղի զարգացման կամ նրանց հետևանքով մահացության առաջացման  ռիսկի հավանականությունը:

Գիտնականները վերլուծել են ասպիրինի օգտակարության ու վնասակարության վերաբերյալ 200 գիտական աշխատություն: Պարզվել է, որ դեղամիջոցի կանոնավոր օգտագործումը կրճատել է  ստամոքսի, աղիների ու կերակրափողի քաղցկեղի առաջացման ու  մահացության ռիսկը 30-40%-ով:Բացի այդ, պարզվել է, որ ասպիրինը նվազեցնում է թոքերի, շագանակագեղձի ու կրծքագեղձի  քաղցկեղներից մահացությունների թիվը: Սակայն այդ ցուցանիշներն  այդքան  էլ բարձր չեն եղել:

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ 50 տարեկանից բարձր մարդկանց  բավականին օգտակար է  10 տարի շարունակ ամեն օր ընդունել ասպիրին, որպեսզի կարողանան նվազեցնել քաղցկեղի  առաջացման ռիսկերը:Սակայն գիտնականները զգուշացրել են, որ այն ընդունելուց առաջ  հարկավոր է  խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ասպիրինը կարող է առաջացնել արնահոսություն:

Մասնագետները հաշվել են, որ եթե Մեծ Բրիտանիայում բոլոր 50 տարեկանից բարձր մարդիկ   10 տարի շարունակ ամեն օր օգտագործեն ասպիրին, ապա 2 տասնամյակ հետո հնարավոր կլիներ կանխել  քաղցկեղային հիվանդությունների հետևանոքով  մահացության շուրջ 122 հազար դեպք:

Share This